Ադրբեջանը շարունակում է ձերբակալել ու ծանր մեղադրանքներ առաջադրել Արցախի ղեկավարության ներկայացուցիչներին։ Այդ երկրի դատախազությունն այսօր հայտնեց, որ Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին մեղադրում են պատերազմ ծրագրելու ու վարելու, վարձկաններ ներգրավելու, զինված հակամարտության ժամանակ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը խախտելու, ահաբեկչություն կազմակերպելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու ու այլ հոդվածներով։
Նշվում է, այս արարքները Բաբայանը կատարել է 2020 թվականի պատերազմի ժամանակ։
Դավիթ Բաբայանը, որ հիմնականում Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունում է աշխատել, 2000-ականներին եղել է նաև նախկին նախագահ Բակո Սահակյանի օգնականն ու խոսնակը, երկու օր առաջ Ֆեյսբուքում գրեց, թե որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի, քանի որ ընդգրկված է Բաքվի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ հետաքննության համար։
Այս գրառումից հետո Բաբայանից լուր չկար, և միայն այսօր Բաքուն հայտարարեց, որ իրենց մոտ է՝ ճաղերի հետևում։
«Սա հերթական լայնածավալ ագրեսիան է Արցախի Հանրապետության դեմ, և ոչ միայն Արցախի Հանրապետության դեմ, ժողովրդավարության, մարդու իրավունքների, արժեհամակարգի, ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ», - նշել է Դավիթ Բաբայանը:
Արցախի դեմ ադրբեջանական ռազմական հարձակման հենց առաջին օրը Բաբայանը քննադատեց Բաքվին՝ հերքելով Ադրբեջանի պաշտոնական պատճառաբանությունը, թե «հակաահաբեկչական գործողություն» է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։
«Բնական է, որ սա որևէ կապ չունի իրականության հետ, ի՞նչ է նշանակում հակաահաբեկչական, երբ որ հրթիռակոծում ու ոչնչացնում են քաղաքացիական օբյեկտներ, քաղաքացիական բնակչություն է տուժում, երեխաներ, ծերեր, կանայք: Մենք ահաբեկիչներ չունենք այստեղ, ի՞նչ է ստացվում ռուս խաղաղապահ առաքելությունն այստեղ է, որ ահաբեկիչների պաշտպանի՞», - ասել է նա:
Այսօր հայտնի դարձավ, որ ծանր հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև 2015-2018 թվականներին Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին։ Նրան ձերբակալել էին երեկ դեպի Հայաստան ճանապարհին։ Գեներալ-լեյտենանտին Բաքուն դեռ 2006-ից է հետախուզում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն սկսեց Ղարաբաղում զինվորականների ձերբակալությունները Բաքուն Լեռնային Ղարաբաղի մոտ 200 հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել․ ReutersԲաքվի բնորոշմամբ՝ անօրինական խմբավորման անդամ Մնացականյանը մեղադրվում է դեռ 2002 թվականին Ֆիզուլիում մի խումբ ադրբեջանցիների գերեվարելու ու խոշտանգելու համար։
Բացի Լևոն Մնացականյանից ու Դավիթ Բաբայանից, Ադրբեջանը ձերբակալել ու 4 ամսով կալանավորել է նաև Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
2021-ից թոշակի անցած Մանուկյանին Բաքուն մեղադրում է ահաբեկչական գործողություն կատարելու համար։ Գեներալ-մայորը դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է:
Գեղամ Մանուկյանը չգիտեր, թե արդյո՞ք Հայաստանի կառավարությունը Մանուկյանի, ինչպես նաև Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի հարցով ևս դիմել է Եվրադատարան, ինչպես Հակարիի անցակետում ձերբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեպքում։ Թե ինչ որոշում է կայացրել ՄԻԵԴ-ը նրա հարցով, դեռ հստակ չէ։
Ադրբեջանում Վարդանյանին մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորումից մինչև ապօրինի զինված կազմավորումների ստեղծման համար։
Ըստ Reuters-ի աղբյուրների, Բաքուն մոտ երկու հարյուր հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել տարբեր հոդվածներով։
Վերջին ձերբակալությունների ֆոնին դեռ պարզ չէ, թե ի՞նչ արդյունք են տվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի բանակցությունները Բաքվի հետ՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը անվտանգ դուրս բերելու համար։ Հայտնի չէ նաև՝ որտեղ են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։ Նրանք ևս ձերբակալման վտանգի տակ են։