Ադրբեջանը որևէ վտանգ չի ներկայացնում հայ բնակիչների համար, վստահեցնում է Բաքուն  

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմ

Արցախցիների զանգվածային տեղահանման ֆոնին պաշտոնական Բաքուն պնդում է՝ Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի որևէ հիմք այլևս չկա, և իրենք որևէ առնչություն չունեն Արցախը լքելու ժողովրդի որոշման հետ։ Այս մասին երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է հայտարարել Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի հետ հանդիպմանը։

«Ադրբեջանը որևէ վտանգ չի ներկայացնում հայ բնակիչների համար։ Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են, և մենք պատրաստ ենք դա ապացուցելու համար կազմակերպել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ղարաբաղ՝ մեր երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ», - բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանք խլած ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակումից տասն օր անց հայտարարում է Բայրամովը, որն Արցախի շրջափակման ինը ամիսների ընթացքում կտրականապես մերժում էր նման հնարավորությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե ոչ մի կապ չունի Ղարաբաղից հայերի արտագաղթի հետ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը Բաքու է ժամանել նախօրեին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի, Պետքարտուղարության Կովկասյան հարցերով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոյի հետ։ Փաուերն Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ՝ այդ թվում Լաչինի միջանցք անարգել մարդասիրական մուտքի, ինչպես նաև տեղում՝ Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայության անհրաժեշտությունը՝ ստուգելու մարդկանց իրավունքների պահպանումը, մշակութային և կրոնական կառույցների պահպանությունը, այս մասին ասվում է հանդիպման արդյունքների վերաբերյալ USAID-ի տարածած հաղորդագրությունում։

Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին անցած օրերին նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր խոսել՝ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Սակայն դատելով ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններից՝ Բաքուն համաձայն է թույլատրել բացառապես Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որտեղ բնակչության կեսից ավելին արդեն լքել է իր տունը, մի մասն էլ սպասում է տարհանման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեթյու Միլլեր. «Ռուսները վերջին շաբաթներին լավ դեր չեն կատարել»

Այդուհանդերձ, Ալիևի վարչակազմը արևմտյան պաշտոնյաների հետ շփումներում շարունակաբար հայտարարում է, թե մարդկանց հեռանալու որոշման հետ Ադրբեջանը որևէ առնչություն չունի, դա զուտ նրանց անձնական ու անհատական որոշումն է, ինչը որևէ ընդհանրություն չունի բռնի տեղահանության հետ։ Ավելին՝ Ադրրբեջանի կառավարությունը հավաստիացնում է՝ մնալու դեպքում պատրաստ են նրանց ինտեգրել․ մի հայտարարություն, որը Բաքվից հնչում է ամիսներ շարունակ առանց որևէ հստակության։

Ադրբեջանի կազմում ապրելու հեռանկարը մերժած Արցախի բնակչությանը Ադրբեջանի արտգործնախարարությունն այդուհանդերձ հորդորում է մնալ իրենց տներում և դառնալ Ադրբեջանի քաղաքացի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչ է անում չհեռանալ և վերաինտեգրվել

«Եթե հայ բնակչության ինչ-որ մասը չի ցանկանում ապրել ադրբեջանական օրենսդրության և իշխանության շրջանակներում և ենթարկվել դրանց, ապա մենք նրանց չենք կարող ստիպել։ Բայց մենք կոչ ենք անում հայ բնակիչներին չլքել իրենց բնակության վայրը և դառնալ Ադրբեջանի բազմամշակույթ հանրության մաս», - ասված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում։

Այսկերպ Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով մեղադրել է Ալիևի վարչակազմին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. Փաշինյան

Ադրբեջանի իշխանությունները փաստում են՝ Հայաստանի առաջնորդը հակասում է ինքն իրեն, հիշեցնելով, որ Փաշինյանն ընդամենը մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանի կողմից հայերին սպառնացող վտանգ չէր տեսնում։

«Բայց այսօրվա մտահոգիչ խոսույթով Հայաստանի վարչապետը ձգտում է խափանել հումանիտար օգնության, ռեինտեգրացիայի ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին, ինչպես նաև կասկածի տակ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հեռանկարը», - ասված է հայտարարությունում։

Բաքուն միաժամանակ տարբեր հարթարկներից ամենաբարձր մակարդակով հավաստիացնում է, թե ունի արցախցիներին ինտեգրելու պլան։ Մարդկանց ապագային վերաբերող այդ փաստաթուղթը, սակայն, երբեք չի հրապարակվել, ադրբեջանցի պաշտոնյաների խոսքերով՝ այն Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև արդեն մի քանի անգամ տեղի ունեցած քննարկումների սեղանին է։ Այդ բանակցությունների հերթական փուլը նախատեսված է առաջիկայում՝ կրկին Եվլախում, հաղորդում է APA գործակալությունը`առանց հավելյալ մանրամասների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոտ ապագայում Ղարաբաղի հայերն ու Ադրբեջանի ներկայացուցիչները Եվլախում կրկին կհանդիպեն․ APA