Մատչելիության հղումներ

Դառնացած դեմքեր, ճամպրուկներ, մեքենաների չընդհատվող շարասյուներ․ չորրորդ օրն է՝ արցախցիները լքում են իրենց տները


Կոռնիձորում ամենուրեք դառնացած դեմքեր են, ճամպրուկներ, մեքենաների չընդհատվող շարասյուներ, ճանապարհին՝ սնունդ, քաղցրավենիք, ջուր, առաջին անհրաժեշտության իրեր բաժանող կամավորներ. չորրորդ օրն է՝ արցախցիները լքում են իրենց տները։

Գրիգորի Զաքարյանը Ադրբեջանի ռազմական հարձակման մասին լուրն իմանալուն պես Ռուսաստանից Կոռնիձոր է եկել, այստեղ էլ իմացել՝ երկու եղբայրները զոհվել են կռվում, երկու օր հետո էլ քրոջ որդու մահվան բոթն է հասել։

«Իմ հարազատները Արաբոյին հանձնել են հողին, մորքուրիս տղուն՝ ոչ մի բան, հալա որ մորգում ա, որովհետև Արցախում հիմա իշխանություն չկա։ Շատ դժվար ա։ Իմ Ռաֆո քրոջ տղես էլ, որը Սարուշեն գյուղից ա, չկա մինչև օրս։ Ինքը շատ ուժեղ կռվող էր, շատ սիրուն տղա էր։ Ընտանիք ունի՝ 2 երեխա ունի, որ որբացել են», «Ազատությանը» պատմեց Գրիգորի Զաքարյանը։

Երեք հարազատների կորստի ցավը սեղմելով՝ գիշեր ցերեկ ճանապարհի մոտ՝ հերթերի մեջ սոված-ծարավ մնացած, տեղահանվող արցախցիներին սնունդ ու ջուր է բաժանում։ «Գոնե էսպես չվերջանար, գոնե Արցախը մնար», - դառնանում է հարազատներին կորցրած տղամարդը։


«Իրանք իրանց կյանքն են տվել հանուն Արցախի, բայց հիմա մեզ չունենք Արցախ։ Շատ դժվար ա։ Եթե գոնե Արցախս մնար, ես միշտ կհպարտանայի, որ իմ ախպերները էդ հողի համար արյուն են տվել, արյուն են թափել», - ասաց Գրիգորի Զաքարյանը։

«Մեկ տարի մեզ սոված պահեցին, հետո էլ՝ մեր տներից մեզ դատարկաձեռն հանեցին», - վշտանում է 45-ամյա արցախցի կինը, որ ամուսնու և դստեր հետ բռնել է գաղթի ճամփան։

«Տուն ենք թողել, մեքենա ենք թողել Ճարտար գյուղում, ինչ-որ ունենք, թողել ենք մեր գյուղում, մեր Ճարտար գյուղում», - ճարտարցի Արմինե Մանուկյանն ասում է՝ դժվար էր դուրս թռնել տարիների ընթացքում զրկանքերով կառուցած տնից, բայց Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան տեսնելով՝ այլ տարբերակ չունեին։ Այս ընտանիքը երեք օրում է Ստեփանակերտից Սյունիք հասել։

«Շատ անհնարին ա թուրքի հետ ապրելը։ Բայց ոչ մեկ չէր ուզի էլի, որ իրա, էն որ ասում ա՝ հարազատ գյուղից հեռանալ, ոչ մեկ չէր ուզի, իր ընտանիքից, իր գյուղից չէր ուզի հեռնա; Բայց ինչ, թուրքի հետ ով կարա ապրի», ասաց Արմինե Մանուկյանը։


Կոռնիձորում Հայաստանի կառավարության ստեղծած հումանիտար կայանի կողքին տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ, ուսանողներ ու աշակերտներ, դպրոցների ուսուցիչներ են կամավոր օգնում տեղահանված արցախցիներին։

«Ծնողների նախաձեռնությամբ, ուսուցչական կոլեկտիվի նախաձեռնությամբ, հենց պատերազմի օրերից սկսած այդ մտավախությունը կար, որ այս պահին իրոք կա մեր կարիքը, և արագ կազմակերպեցինք և շտապ հասանք Կոռնիձոր, որպեսզի մեր առաջին առաքելությունը հասցնենք Արցախից ժամանած մեր հարազատներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի թիվ 200 դպրովի ուսուցչուհի Անուշ Գալստյանը։

Գալստյանն ասում է՝ սիրտը լցվում է՝ տեսնելով գրեթե տասն ամիս շրջափակման մեջ մնացած արցախցի փոքրիկների ուրախությունը, երբ մոտենում է նրանց ու քաղցրավենիք հյուրասիրում։

«Նույնիսկ այն փոքրիկ քաղցրավենիքները, որ բաժանում ենք երեխաներին, աչքերի մեջ տեսնում եմ, որ նրանք իրոք այս 10 ամսիների ընթացքում չեն տեսել դա։ Ցավալի է, բայց փաստ է», - պատմեց Գալստյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG