Մատչելիության հղումներ

Մեթյու Միլլեր. «Ռուսները վերջին շաբաթներին լավ դեր չեն կատարել»


Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի նպատակն է Հայաստանին և Ադրբեջանին օգնել բանակցային սեղանի շուրջ վերադառնալու և ամուր ու արժանապատիվ խաղաղության հասնելու գործում:

Նա ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է երկու երկրների ղեկավարների՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնել են տարածաշրջան:

Վաշինգտոնն, ըստ Միլլերի, ամեն բան արել է՝ դիվանագիտական գործընթացի շարունակման համար:

Խոսնակն անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ, Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի և պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հացրերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի տարածաշրջան կատարած այցին:

Բաքվում, ըստ խոսնակի, նրանք Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են այն երեք պահանջները, որոնց կատարումը Վաշինգտոնը համարում է առաջնահերթություն:

«Մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի, մենք ուզում ենք մարդասիրական խնդիրների լուծում, իսկ դա նշանակում է Լաչինի միջանցքը բաց պահել և հնարավոր դարձնել մարդասիրական օգնության առաքումը, դա նշանակում է նաև, որ միջազգային դիտորդական առաքելությունը պետք է երաշխավորի մարդասիրական խնդիրների լուծումը»,- ասել է Մեթյու Միլլերը:

Խոսնակի փոխանցմամբ, գովելի է Ադրբեջանի կառավարությունից ստացված հավաստիացումը, որ Բաքվում կողջունեն նման առաքելության ժամանումը:

Միլլերն ասել է, թե այդուհանդերձ նախևառաջ կողմերը պետք է հասնեն համաձայնության: Վաշինգտոնն առաջ կտանի դիվանագիտությունը, սակայն կարգավորման համար Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունն է անհրաժեշտ:

«Մենք ամեն ինչ կանենք նրանց դրան դրդելու, բայց նրանք պետք է համաձայնեն բանակցել և հասնել ինչ-որ լուծման, դրա համար մենք կանենք մեզ վերապահված աշխատանքը»,- ասել է Միլլերը:

Խոսնակն անդրադարձել է նաև վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի նկատմամբ ռուսների բացասական վերաբերմունքին, Հայաստանի վարչապետին հասցեագրված մեղադրանքին, թե Հայաստանը փորձում է դիրքորոշում փոխել և մերձենալ Արևմուտքի հետ ու նմանօրինակ քննադատական այլ մեկնաբանություններին:

«Վստահ կարելի է ասել, որ Ռուսաստանն անցած շաբաթներին արդյունավետ դեր չի կատարել: Եղել է ժամանակ, երբ ռուսները նպաստել են բանակցություններին, և մենք դա ողջունել ենք, սակայն հաստատ վերջին շաբաթներին նրանք այդ կերպ չեն գործել»,- հայտարարել է Մեթյու Միլլերը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG