Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին:
ԱՊԱ լրատվական գործակալությունը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում «քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի իրականացրած հակաահաբեկչական գործողությունները և մարդասիրական օգնության հարցերը»:
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ «հայկական ապօրինի զինված խմբավորումների գործունեության դադարեցումը ծառայելու է խաղաղությանը և կայունությանը»։
Նախարարության փոխանցմամբ, Քիմը տեղեկացվել է զինաթափման գործընթացի, հայ բնակիչների կարիքների բավարարման համար Ադրբեջանի իշխանության ձեռնարկած միջոցառումների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման բանակցությունների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը համաձայնել է լուծարել բանակը և քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցըԲայրամովն ընդգծել է, թե Ադրբեջանի դեմ շարունակվող զրպարտչական արշավը հիմք չունի, և Ադրբեջանի գործողությունները վտանգ չեն ներկայացնում հայ բնակիչների համար։
Ըստ նախարարի՝ դա ապացուցելու համար Բաքուն պատրաստ է «կազմակերպել ՄԱԿ-ի կառույցների այցը Ղարաբաղի շրջան՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ»:
Նախարարը Քիմին ասել է նաև, որ չնայած Ադրբեջանի գործադրած ջանքերին՝ հայկական կողմը շարունակում է խոչընդոտել խաղաղության գործընթացը։
Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղ գործընթացով, որը պետք է հիմնված լինի երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ընդունման վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամանթա Փաուերը և Յուրի Քիմը ժամանել են Բաքու