Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ հանդիպմանը հավաստիացրել է՝ Ղարաբաղի հայերը «կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները»։
«Նրանց իրավունքները կապահովվեն երկրի օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Յուրի Քիմի և Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ հանդիպմանը։
Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև «երկխոսություն է ընթանում վերաինտեգրման ուղղությամբ», Բաքուն նաև պատրաստ է առաջիկայում կազմակերպել Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի աշխատակիցների այցը Ղարաբաղ։