«Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում»
Ղարաբաղի ողբերգության մասին արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրություններն ակամա հիշեցնում են մեկ դար առաջ թուրքական վիլայեթներում հայության կոտորածի և տեղահանության մասին պատումները:
Մեկ խոսքով դրա անունն է հայրենազրկում: Տարբերությունը, թերևս, այն է, որ 100 տարի առաջ հեռուստատեսություն, ինտերնետ և սոցցանցեր չեն եղել:
NBC ամերիկյան հեռուստակայանը հաղորդում է Ղարաբաղից տարհանված երիտասարդ մոր մասին, ով անդադար լաց է լինում, քանի որ ամեն ինչ կորցրել է, թողել է այն տեղում, որի անունը տունն է:
NBC-ն պատմում է հայ-ադրբեջանական սահմանին հասած ամերիկացի օրենսդիրների առաքելության մասին: Դեմոկրատական սենատոր Գերի Փիթերսը մտահոգված է: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ահաբեկված է: Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում»,- ասել է սենատորը:
«Հայաստանում հիասթափվել են Ռուսաստանից»
The Washington Post-ն անդրադառնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանն այն մասին, որ 2020-ի դեկտեմբերից մինչև 2023-ի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական կողմի կատարած գրոհները ստիպում են վերագնահատել դաշնակցի դերը: Դրանք, ըստ վարչապետի, «լրջագույն հարցեր են բարձրացնում նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների և մոտիվների մասին»:
CNN-ն այդ թեմայով նշում է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Դա մի կառույց է, որը ՆԱՏՕ-ի օրինակով պետք է օգնության հասնի, եթե անդամներից մեկը հարձակման է ենթարկվում: Բայց Հայաստանն օգնություն չի ստացել ռուսների առաջնորդած ՀԱՊԿ-ից, և դրան անդրադարձ է եղել վարչապետի ուղերձում:
«Կա՛մ գնացեք, կա՛մ ադրբեջանական անձնագիր ստացեք»
Deutsche Welle-ն («Գերմանական ալիք»), հայտնում է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հայությանը ծանր ընտրություն է պարտադրում:
«Այսօր հեռացանք, նրանք մեզ ասում են՝ կա՛մ գնացեք, կա՛մ Ադրբեջանի անձնագիր ստացեք, մենք չենք կարող նրանց անձնագիրը վերցնել»,- ասել է բնակիչը:
Ատելության վաղեմի քաղաքականություն
Al Jazeera անգլալեզու արաբական հեռուստակայանը հաղորդում է, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ կա ատելության վաղեմի քաղաքականություն: Այն տասնամյակներ առաջ է ձևավորվել և մեկ գիշերում չի անհետանա:
Լրատվամիջոցը վկայակոչում է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ Շեյլա Փայլանին, ով ասել է, թե չի հավատում, որ Ադրբեջանի իշխանության ներքո էթնիկ հայերի նկատմամբ ազնիվ վերաբերմունք կլինի:
«Գյուղն անդադար հրետակոծվել է»
Guardian-ը պատմում է սահմանի հայկական կողմում Ղարաբաղից իրենց ազգականներին անհամբեր սպասող հայերի մասին:
Բրիտանական օրաթերթը վկայակոչում է տեղահանվածներից մեկին: «Խոսքեր չկան նկարագրելու, թե ինչ եղավ մեր գյուղում, այն անդադար հրետակոծվել է, երևի այնտեղ էլ մարդ չի մնացել»,- ասել է Հայաստան հասածը: Երկուշաբթի օրը՝ ժամի 17-ի դրությամբ 6 հազար 650 անձ է տեղափոխվել Հայաստանի տարածք:
Հայրը չի հասցրել այցելել դստեր շիրիմին
France 24 հեռուտակայանին մի մոտ երեսուն տարեկան տղամարդ Մեծ Շենից ասել է, թե գյուղի բնակիչներին 15 րոպե են տվել հավաքվելու և շտապ հեռանալու համար: Այնտեղ է մնացել այդ տղամարդու երեք տարեկան դստեր գերեզմանը:
«Չեմ հասցրել նրան հրաժեշտ տալ: Հուսով եմ, որ մի օր կվերադառնամ»,- ասել է նա:
«Պատմության մեջ կմնա որպես հայ ժողովրդի ամոթ»
BBC-ի թղթակիցը Գորիսում զրուցել է տեղահանվածներից մի քանիսի հետ: Մարդիկ ծայրահեղ հուսահատության վիճակում են:
«Ես ամբողջ կյանքս եմ տվել իմ հայրենի հողի համար, ավելի լավ կլիներ՝ նրանք ինձ սպանեին, որ այս օրը չտեսնեի»,- ասել է մի արցախցի տղամարդ:
BBC-ն վկայակոչել է Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին: Նրա խոսքն այդ հուսահատության և ողբերգության մասին վկայող դառը կշտամբանք է:
«Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես հայ ժողովրդի խայտառակություն և ամոթ: Արցախահայության ճակատագրի պատասխանատուները մի օր պետք է պատասխան տան Աստծո առաջ իրենց մեղքերի համար»,- ասել է Բաբայանը: