Ստեփանակերտն ընդունում է կրակի դադարեցման՝ խաղաղապահների առաջարկը

Արցախի կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում, արխիվ

Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, ասված է Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում:

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

Կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղից ծանր զինտեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին՝ «դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով»:

Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսագործունեության ապահովման մասին՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում վաղը։

«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով», - հայտարարում է Արցախի նախագահի աշխատակազմը:

«Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:

Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:

Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:

Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ