Ադրբեջանական կողմի հետ միջնորդավորված քննարկումներ են գնում, «Ազատությանը» փոխանցեց Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նկատելով՝ պիտի անպայման ադրբեջանական կողմի հետ խոսույթ ձևավորվի։
Ընդգծելով, որ ենթադրաբար Ադրբեջանի պահանջը մեկը պետք է լինի՝ հանձնվել ու ընդունել ինտեգրումը՝ Հակոբյանը շեշտեց՝ հիմա Արցախի իշխանությունն էլ պիտի կարողանա ադեկվատ որոշում ընդունի, եթե նույնիսկ դա ցավոտ է, գտնի այն միակ լուծումը, եթե կա հնարավորություն այսօր փրկելու բնակչությանը և Արցախը, ուրեմն պետք է գնալ այդ ճանապարհով։
Հակոբյանի խոսքով՝ այս պահին առաջնայինը մարդկանց անվտանգությունն է։
«Ազատություն»․ - Քիչ առաջ Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, նա նշել է, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը: Սա ինչ է նշանակում։
Հակոբյան․ - Հասկանալի է, որ մեզ համար այլևս չկան Հայաստանի Հանրապետության իշխանություններ, որոնք պետք է գլխավոր դերակատարները լինեին, իսկ ակնկալել նման պարագայում միջազգային հանրությունից քայլեր, դա առնվազն միամտություն է՝ որևէ քայլ չէր լինելու, հետևաբար Արցախի իշխանությունները պարտավոր են որոշում կայացնել, այս պահին իհարկե առաջնայինը մարդկանց անվտանգությունն է, թե ինչպիսին կլինի էդ որոշումը, մենք կարող ենք ընդամենը գուշակել, բայց ես չեմ կարող գուշակության հիման վրա ինչ-որ եզրակացություն կամ հայտարարություն անել։
«Ազատություն»․ - Այսինքն՝ որոշումը ո՞րը պետք է լինի, որ կա՛մ հանձնվում են, կա՛մ․․․
Հակոբյան․ - Ես չգիտեմ, ըստ երևույթին Ադրբեջանից արդեն կլինեն պահանջներ, կարծում եմ նաև դրանով է պայմանավորված այդ լայն խորհրդակցությունը։ Դա է քննարկվել և այդ քննարկման հիման վրա իշխանությունը պետք է որոշում կայացնի։ Քիչ առաջ եմ հիվանդանոցից եկել։ Դուք եթե տեսնեք, թե ինչքան խաղաղ բնակիչներ կյանքի հետ ոչ համատեղ վիրավորումներով էին բերում և դա խաղաղ բնակչությունից։ Էս իրավիճակում հիմա առաջնահերթ է խաղաղ բնակչության հնարավորինս փրկությունը։
«Ազատություն»․ - Ինչպե՞ս բայց։
Հակոբյան․ - Չեմ կարող ասել, հիմա այն պահն է, որ պիտի անպայման ադրբեջանական կողմի հետ խոսույթ ձևավորվի՝ դա կլինի ռուս խաղաղապահների միջնորդությամբ, թե ինչպես, ես չեմ կարող ասել։
«Ազատություն»․ - Հիմա բանակցությո՞ւններ են գնում Ադրբեջանի հետ։
Հակոբյան․ - Ամենայն հավանականությամբ, բանակցություն չենք կարող կոչել դա, միջնորդավորված քննարկումներ, ոչ թե դեմ դիմաց նստած են, այլ միջնորդավորված է։
«Ազատություն»․ - Արտակ Բեգլարյանն էր գրել, որ «որքան էլ ցավոտ լուծումներ լինեն, իշխանությունը պետք է այդ որոշումները կայացնի և ներկայացնի ժողովրդին»։ Որո՞նք են այդ ցավոտ լուծումները։
Հակոբյան․ - Մեզ համար հիմա հասկանալի է, չէ, որ Ադրբեջանն այս պահին մեկ պահանջ է ունենալու՝ լուծարել և բանակցել, այսինքն՝ այո, հանձնվել ուղղակի ընդունել ինտեգրումը։ Այսինքն՝ էն, ինչ-որ Նիկոլ Փաշինյանը կոտորելով իրեն հասավ։ Այսինքն՝ դա պետք է լինի պահանջը։ Հիմա իշխանությունը ինքն իշխանություն է նրանով, որ պիտի կարողանա ադեկվատ որոշում ընդունել, եթե նույնիսկ դա ցավոտ է, ցավոտ չէ, բայց էդ պահին միակ լուծումն է; Այսինքն՝ պետք է կարողանա գտնի այն միակ լուծումը, որով հնարավոր կլինի, եթե կա հնարավորությւոն այսօր փկել բնակչությանը և Արցախը, ուրեմն պետք է գնալ էդ ճանապարհով։
«Ազատություն»․ - Ինտեգրմա՞ն ճանապարհով։
Հակոբյան․ - Ես հիմա չեմ ուզում այդպիսի պաթոսային արտահայտություններ անել, նույնիսկ այս իրավիճակում, երբ ես իմ երկու երեխաների հետ էստեղ մեն մենակ ամբողջ թաղամասում նստած եմ, ես ինտեգրումը չեմ կարող ընկալել, ես չեմ կարող ապրել ադրբեջանցու հետ, դա ինձ համար ընդունելի չի լինի երբեք, բայց ես չեմ կարող իշխանության փոխարեն որոշում կայացնել։ Իշխանությունն ինչպիսի որոշում կայացնի, դա հասկանալի է լինելու, որ դա միակ ադեկվատ որոշումն է եղել և այլ որոշման հնարավորություն ուղղակի չի եղել։