Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի քաղաքապետարան. Այս պահին տարհանման անհրաժեշտություն չկա


Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հայտարարում է Ստեփանակերտը՝ տեղեկացնելով, որ բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:

«Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ», - ասված է հայտարարությունում:

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց. - «Ստեփանակերտի այն թաղամասը, որտեղ ես եմ ապրում, մարդիկ իրենց նկուղներից դուրս են եկել և ուղևորվել են դեպի օդանավակայան, մտածել են, որ այդպես ավելի ապահով է, բայց հիմա որևէ ապահով վայր չկա Ստեփանակերտում, և ամենաճիշտը կլինի մնալ նկուղներում, տեղաշարժը նույնպես վտանգավոր է»:

Նա ընդգծեց , որ Ստեփանակերտում տարհանում չկա։ Կան գյուղեր, որտեղից մարդիկ արդեն տարհանվել են՝ թե՛ Մարտակերտից, թե՛ Մարտունուց, թե՛ Ասկերանից։

Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

XS
SM
MD
LG