Արցախից այսօր 7 բուժառու տեղափոխվել է Հայաստան

Այսօր Արցախից 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 67 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Հուլիսի 29-ին, երբ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևան հիվանդներ էին տեղափոխվում, ադրբեջանցիները հենց անցակետից առևանգեցին սրտի վիրահատության համար Երևան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին։ Դրանից հետո շուրջ 11 օր Բաքուն արգելեց հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան։

Օգոստոսի 28-ի կեսօրին էլ Հակարիի անցակետից ադրբեջանցի սահմանապահները առևանգեցին Արցախի Մարտունի քաղաքի երեք բնակիչների՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին ու Լևոն Գրիգորյանին։ 20-22 տարեկան ուսանողները գալիս էին Երևան կրթությունը շարունակելու։ Բաքուն նրանց մեղադրում էր Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից Հայաստան տեղափոխվելիս առևանգված ուսանողները վերադարձվել են Հայաստան