«Մրցակցային», «ժողովրդավար», բայց նաև «ոչ թափանցիկ»․ դիտորդների գնահատականներն ընտրությունների վերաբերյալ տրամագծորեն տարբեր են

«Մրցակցային պայմաններում, բայց ընտրողների ցածր հետաքրքրությամբ». Երևանում երեկ տեղի ունեցած ավագանու ընտրությունների վերաբերյալ տեղական դիտորդների զգալի մասն այսպիսի գնահատական ունի։

Խախտումներ եղել են, ընդգծում են դիտորդները՝ օրինակներ թվարկելով, սակայն, գնահատականները, տրամագծորեն տարբեր են։

«2018 թվականի ավագանու ընտրությունների համեմատ այն խախտումները կամ խախտման էս դրսևորումները, որ եղան, դա ակնհայտ չի համապատասխանում էդքանով ժողովրդավարական ընտրություններին, նահանջ էր էդ չափանիշից, բայց միաժամանակ պահպանվեց ընտրական ինստիտուտը որպես ժողովրդավարության ինստիտուտ, վերջին հաշվով, որովհետև այն զանգվածային բերման ենթարկելու, ընտրակաշառք և այլն, դրանք չունեցան դրսևորումներ», - ասաց դիտորդներից Արթուր Սաքունցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իշխանությունը արխային էր ընկել, մտածում էր՝ մեկ է հաղթելու են». ՔՊ-ական պատգամավոր


Սաքունցն ասում է՝ խախտումները զանգվածային չեն եղել։

Համաձայն չեն «Հայաքվեի» դիտորդները։ Առաքելությունը, որը համակարգում են իշխանափոխություն պահանջող մի խումբ ընդդիմադիր գործիչներ, պնդում է, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց։

Նրանք հայտարարել են, թե զանգվածաբար վարչական ռեսուրս է կիրառվել, քվեարկությունն ուղեկցվել է հանձնաժողովների անդամների հանդեպ ճնշումներով, լծակներ են գործադրվել՝ մարդկանց ընտրատեղամասեր բերելու համար, ոտնահարվել են վստահված անձանց ու դիտորդների իրավունքները։

Այս ամենը չի հերքում նաև «Անկախ դիտորդից» Դանիել Իոաննիսյանը, կաշառման փորձի մասին դեպքեր ինքն էլ գիտի. - «Ընտրողներին ապրանքներ, իրեր տալու և ծառայություններ խոստանալու քրեական օրենսգրքով արգելված առանձին դեպքեր «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժը հայրենյաց» կուսակցությունների և «Մայր Հայաստան» դաշինքի կողմից»։

Դանիել Իոաննիսյանը մի հանգամանք առանձնացրեց՝ 2017-ի ընտրությունների համեմատ որակական փոփոխություն կա. - «Եվ մենք չտեսանք, որ ընտրողները, որոնք դուրս են գալիս տեղամասերից, զանգվածային կերպով գնային, մտնեին որևիցե կուսակցության, այդ թվում նաև «Քաղաքացիական պայմանագրի» շտաբ։ Եվ այս առումով շատ լուրջ որակական տարբերություն ենք տեսնում 2017-ի ընտրությունների հետ կամ առհասարակ նախահեղափոխական ընտրությունների հետ», - ասաց Իոաննիսյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ կլինի Երևանի հաջորդ քաղաքապետը. ընտրված ուժերն իրենց պայմաններն են առաջ քաշում


Ձայնային ձեռներեցների, հանրության շրջանում առավել հայտնի «տասովշչիկների» ինստիտուտը, ըստ դիտորդների, այլևս փչացել է։

«Այսինքն՝ ձայնային ձեռներեցները թեև սենց առերևույթ կային, բայց որակապես իրենց ազդեցությունն ընտրողների վրա էապես տարբերվում էր», - ասաց Իոաննիսյանը։

Սաքունցն էլ հավելեց․ - «Իրապես էդ տասովշչիկների ինստիտուտը, փչացած որպես էդպիսի գործիք, արդեն իմաստ չունի, բացի էդ տասովշչիկներից, այլ էական ազդեցություն չի կարող ունենալ և չունի այլևս ընտրողների վրա»։

«Ականատես» դիտորդական առաքելությունն էլ հայտարարում է՝ ընտրությունների արդյունքների վրա միտումնավոր ազդելու փորձ չի եղել։ Համակարգող Մարիամ Հովեյանը, սակայն, չի հերքում՝ խախտումները քիչ չէին, առաջատարն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» էր։

«Դրանից հետո արդեն շատ քիչ են դրվագները և նաև հավասար․ «Մայր Հայաստանից» ունենք դեպքեր, «Ուժը Հայրենյացից», «Ժոովրդավարական համախմբումից»», - ասաց Հովեյանը։

Ընտրություններին աննախադեպ ցածր՝ 30 տոկոսից էլ պակաս մասնակցությունը ևս դիտորդների ուշադրությունից չի վրիպել։ Տարբեր եզրահանգումներ կան այս պատմական ցածր ցուցանիշի վերաբերյալ։

«Ընտրությունները մրցակցային են անցել, որովհետև չքվեարկելը նույնպես ազատ կամքի արտահայտում է», - ասաց Սաքունցը, Հովեյանը հավելեց. - «Բայց, ժողովրդավարությունը ուզում եմ հիշեցնել, որ մասնակցելու մասին է, չմասնակցելու մասին չէ»։

Երևանի ավագանու ընտրությունները դիտարկել են նաև մի քանի տասնյակ միջազգային դիտորդներ, սակայն հրապարակային գնահատակններ դրանց ընթացքի վերաբերյալ նրանք առայժմ չեն հնչեցրել։