Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Բաքուն Երևանի հետ երկխոսության ճանապարհին. դատելով ռուսական պետական ТАСС գործակալությանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի տված հարցազրույցից, ըստ էության՝ ոչ մի։
«Մենք ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ այլ երրորդ կողմի հետ չենք քննարկի հարցեր, որոնք կասկածի տակ են առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մեր պետության ներքին գործերին միջամտության ցանկացած փորձ, այդ թվում՝ Ադրբեջանի կենտրոնական իշխանության և Ղարաբաղի էթնիկ հայ փոքրամասնության միջև երկխոսության ինչ-որ «միջազգային մեխանիզմների» ստեղծման թեմայի առաջմղումը, դատապարտված է ձախողման։ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին հարցն է», - ասել է Հաջիևը:
Պաշտոնական Երևանի առաջարկն է՝ արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը քննարկել միջազգային հուսալի մեխանիզմի ներքո։ Ընդ որում՝ սրան կողմ են նաև միջնորդները. օրերս այդ մասին ամերիկյան Սենատում կայացած լսումների ժամանակ խոսել էր հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավված Վաշինգտոնի ներկայացուցիչը՝ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը։
«Մենք բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանվեն։ Սա ցանկացած կայուն ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առանցքային բաղադրիչ է։ Ադրբեջանը պետք է միջազգայնորեն հաստատված երաշխիքներ տրամադրի, որ հարգում է նրանց իրավունքները և որ նրանք կկարողանան ապրել իրենց տներում առանց վախի», - հայտարարել էր Քիմը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Յուրի Քիմի հայտարարությունները պարունակում են աշխարհով մեկ Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի տարրեր». ՀաջիզադեԱՄՆ-ն չի հանդուրժի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ. Յուրի ՔիմՄինչ պաշտոնական Երևանը բացի արցախահայերի իրավունքների պաշտպանության երաշխիքներից առաջարկում է նաև Ադրբեջանին իր զինված ուժերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից, զորքերի հայելային հետքաշում իրականացնել միջպետական սահմանից, Բաքուն Հաջիևի շուրթերով մեղադրանքների հերթական չափաբաժինն է ուղղել և՛ Հայաստանին, և՛ Լեռնային Ղարաբաղին։
Ալիևի օգնականը պնդել է, որ Հայաստանի քայլերը, օրինակ՝ պետական բյուջեից Արցախին գումարը հատկացնելը, վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, հայկական զինուժի ներկայությունը Ղարաբաղում, ինչը Երևանը բազմիցս հերքել է, լուրջ վնաս են հասցրել խաղաղության գործընթացին։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան քննադատել է նաև Լեռնային Ղարաբաղում նախագահի ընտրությունը՝ հայտարարելով, թե դա «Ադրբեջանի օրենսդրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր»։
«Մենք կոչ ենք անում հայկական ղեկավարությանը չխանգարել Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական գոտում ապրող էթնիկ հայերի վերաինտեգրմանը և չփորձել խարխլել մեր երկրի ինքնիշխանությունը։ Նրանք մեր քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու պարտավորությունները կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրությամբ: Կարևոր է, որ Հայաստանը հրաժարվի մեր երկրում անջատողականությունը ֆինանսավորելու և բորբոքելու քաղաքականությունից», - ասել է Իլհամ Ալիևի օգնականը:
Ի՞նչ փուլում է խաղաղության գործընթացը. այս հարցին էլ պատասխանելիս Հաջիևը թվարկել է մի շարք գործոնները, որոնք, ըստ պաշտոնական Բաքվի, խոչընդոտում են դրան։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Լաչինի միջանցքի փակ լինելու մասին պնդումները սուտ են, Բաքուն հիմա սպասում է, որ Միջազգային Կարմիր Խաչը միաժամանակ բեռներ կմատակարարի և՛ Լաչինի, և՛ Աղդամի ճանապարհներով, սակայն, ըստ նրա, Ստեփանակերտը խոչընդոտում է դրան՝ հրաժարվելով պարեն ընդունել Ադրբեջանից։ Սակայն ոչ ТАСС-ի լրագրողը, ոչ էլ Հաջիևը չեն անդրադարձել հանգամանքին, որ եթե միջանցքը բաց է, այդ դեպքում ինչո՞ւ են սննդով բեռնված բեռնատարները շաբաթներով կանգնած Հակարիի կամրջի մոտ, ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղում սովի վտանգ առաջացել, ու ինչո՞ւ են հիվանդները միայն Կարմիր Խաչի մեքենաներով տեղափոխվում Հայաստան։
Չնայած մեղադրանքների շարանին՝ Հաջիևը հույս է հայտնել, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ։ Երևանն ու Բաքուն վերջերս են փոխանակել պայմանագրի նախագծի հինգերորդ մշակումը։ Ու չնայած այս գործընթացին, հայկական կողմը ևս հայտարարում է, որ կողմերի տարաձայնությունները պահպանվում են:
«Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե առերես բանակցություններ չեն եղել այս ընթացքում՝ հունիսից հետո։ Դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից», - օրերս խորհրդարանում հայտարարել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման «գրավոր ձևակերպումը վստահություն չի ներշնչում». պատգամավորՀայաստանը երեկ ստացել է ադրբեջանական կողմի նոր առաջարկները. ՄիրզոյանԽոսելով տարածաշրջանում հաղորդակցությունների բացումից՝ Հաջիևը կրկին պնդել է, թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև «Զանգեզուրյան միջանցքի» բացումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է և այն «շահավետ է առաջին հերթին Հայաստանի համար»: Սակայն, ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, եթե «Հայաստանը հրաժարվում է տարբեր պատրվակներով և ցանկանում է շարունակել մնալ մեկուսացման մեջ», Բաքուն մտադիր չէ սպասել և արդեն ակտիվորեն աշխատում է տարածաշրջանի այլ երկրների հետ այլընտրանքային նախագծերի վրա:
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա, իսկ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Երևանը նաև շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում որևէ միջանցքային տրամաբանություն գոյություն չունի։
Նոր պատերազմի հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ալիևի օգնականը հրաժարվել է «մեկնաբանել հիպոթետիկ սցենարները» և վստահեցրել. - «Մենք նպատակաուղղված ենք դեպի բոլոր գոյություն ունեցող հարցերի խաղաղ կարգավորում»:
Your browser doesn’t support HTML5