Մատչելիության հղումներ

Սենատի լսումներում նշվել է, որ ԱՄՆ-ն պետք է ընդլայնի աջակցությունը Հայաստանին, այդ թվում՝ պաշտպանական ու անվտանգության ոլորտում


«Առաջին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա, այլևս ոչ մի հետաձգում։ Երկրորդ՝ ԱՄՆ-ն չի հանդուժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»,- Միացյալ Նահանգների այս երկու հստակ ուղերձները ներկայացրեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ղարաբաղի հարցով սեպտեմբերի 14-ին անցկացված լսումների ժամանակ։

Նա նշել է, որ մյուս երթուղիները նույնպես կարող են բաց լինել, բայց Լաչինը պետք է բաց լինի, և դա բանակցությունների առարկա չէ։

Հետագա հնարավոր սրացումների վերաբերյալ Քիմը շեշտել է, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ, գործողություն կամ վայրագություն։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն խաղաղության ցանկացած համաձայնագրում, այս առումով Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հայերին միջազգայնորեն հաստատված երաշխիքներ տրամադրի։

Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը դեռևս ավարտված չէ, ուստի խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ջանքերը ավելի կարևոր են դառնում։

Յուրի Քիմը ուշագրավ հայտարարություն է արել՝ պատասխանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև վերջին շրջանում նկատելի լարվածության և Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխման հնարավորության մասին հարցին։

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան նշելով, որ դրա մասին խոսելը դեռևս շատ վաղ է, մոտիկից հետևում են իրավիճակին, միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է ընդլայնի աջակցությունը Հայաստանին, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։

«Մենք պետք է մեծացնենք Հայաստանին տրամադրվող օգության շրջանակները, լինի դա զարգացման աջակցություն, պաշտպանական բնագավառում գործընկերություն կամ անվտանգության ոլորտում աշխատանք»,- ասել է նա՝ հավելելով, որ օգնությունը պետք է ընդլայնվի այնքան, որքան այն ընդունելի կլինի Հայաստանի համար, Հայաստանի հետ իրական գործընկերության համատեքստում։

Ռուսաստանից իսկույն արձագանքել են Յուրի Քիմի այս հայտարարությանը։ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Տելեգրամի իր էջում գրել է․ «Հիմա Վաշինգտոնը պատրաստ է օգնել Երևանին՝ ակնհայտորեն երազելով նոր հակառուսական պլացդարմ ստեղծել Անդրկովկասում»։

Վաշինգտոնում սենատորները բավականին երկար ժամանակ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային հարցեր էին ուղղում 907 բանաձևի հետ կապված։ Այս բանաձևը արգելում է ամերիկյան կառավարության ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին։ 90-ական թվականների սկզբին արգելքը գործում էր, բայց հետո Աֆղանստանում ամերիկյան ու ՆԱՏՕ-ի զորքերի մատակարարումների նպատակով ԱՄՆ-ի նախագահները իրենց հրամանագրով մինչև հիմա չեղարկում են 907 բանաձևի արգելքը։ Սենատորները հարցնում էին, որ եթե հիմա Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելով խարխլում բանակցային գործընթացում վստահություն ամրապնդելու ջանքերը, ինչպես նշել էր հենց Պետդեպարտամենտը, ապա ինչո՞ւ ԱՄՆ-ի կառավարությունը պետք է շարունակի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։

Յուրի Քիմը այդ թեմայով մի շարք հարցերի պատասխաններում նշում էր, որ 907-ի չեղարկումը համապատասխանում է ԱՄՆ-ի անվտանգային շահերին, այն Հայաստանի դեմ չի օգտագործվում, այդ օգնությունը Ադրբեջանին տրամադրվում է սահմանների, մասնավորապես Իրանի հետ սահմանը, ծովային սահմանների պաշտպանության նպատակով, հակաահաբեկչական պայքարի համար, բայց նաև տեղեկացրել է, որ այս տարի դեռ չեն դիմել 907-ը հերթական անգամ չեղարկելու համար։

«Մենք մեծ պատասխանատվությամբ և լրջությամբ ենք վերաբերվում այս հարցին։ Նշեմ, որ 907-րդ բանաձևի վերջին չեղարկման ժամկետը լրացել է հունիսին, սակայն մենք դեռևս չենք դիմել բանաձևի նոր չեղարկման համար, քանի որ շատ ուշադիր ուսումնասիրում ենք իրավիճակը»,-ասել է նա։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին նախատեսված էր նաև Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի մասնակցությունը, բայց նա տարածաշրջան այցելելու ճանապարհին էր։

Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը սեպտեմբերի 14-ի ճեպազրույցում ասել է, որ Լուիս Բոնոն շարունակում է զբաղվել Լաչինի միջանցքը վերաբացելու հարցով, որը նա բնորոշել է որպես Վաշինգտոնի կարճաժամկետ առաջնահերթություն։

«Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի։ Մենք դա հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար»,- ասել է Մեթյու Միլերը։

Լուիս Բոնոն հանդիպումներ է ունենալու Երևանում ու Բաքվում։ Երեկ նա Երևանում բանակցել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ «Զրուցակիցները քննարկել են Լեռնային ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր»,- նշված է Անվտանգության խորհդրի կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG