Բաքուն դեռ հույս ունի, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Պաշտոնական Բաքուն դեռ հույս ունի, որ Երևանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ: Այդ մասին ռուսաստանյան պետական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանցի պաշտոնյան կոչ է արել «հայկական ղեկավարությանը անել գլխավոր քայլը՝ խաղաղության պայմանագրի տակ ստորագրությամբ պաշտոնապես արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ մեր երկրի Ղարաբաղյան տնտեսական շրջանը, և պարտավորվել ապագայում ձեռնպահ մնալ մեր երկրի ներքին գործերին միջամտությունից»: «Այդ թվում՝ մեր ներքին հարցերը, ինչպիսին Ղարաբաղում էթնիկ հայկական ծագմամբ մեր հայրենակիցների հետ մեր փոխգործողությունն է, բնակչության այդ խմբի իրավունքների և անվտանգության ապահովման պատրվակով միջազգային հարթակներ դուրս բերելուց», - շարունակել է Հաջիևը՝ նշելով. - «Նրանք մեր քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու պարտավորությունները կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրությամբ: Կարևոր է, որ Հայաստանը հրաժարվի մեր երկրում անջատողականությունը ֆինանսավորելու և բորբոքելու քաղաքականությունից»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման «գրավոր ձևակերպումը վստահություն չի ներշնչում». պատգամավորՀայաստանը երեկ ստացել է ադրբեջանական կողմի նոր առաջարկները. Միրզոյան

Իլհամ Ալիևի օգնականը բարձր է գնահատել միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի ներդրումը հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում:

Խոսելով տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հնարավորության մասին՝ Հաջիևը կրկին պնդել է, թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև «Զանգեզուրյան միջանցքի» բացումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է, այն «շահավետ է առաջին հերթին Հայաստանի համար»: Սակայն, ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, եթե «Հայաստանը հրաժարվում է տարբեր պատրվակներով և ցանկանում է շարունակել մնալ մեկուսացման մեջ», Բաքուն մտադիր չէ սպասել և արդեն ակտիվորեն աշխատում է տարածաշրջանի այլ երկրների հետ այլընտրանքային նախագծերի վրա:

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա, իսկ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Երևանը նաև շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում որևէ միջանցքային տրամաբանություն գոյություն չունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնող որևէ հայտարարություն կարմիր գիծ է». Փաշինյան

Նոր պատերազմի հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ալիևի օգնականը հրաժարվել է «մեկնաբանել հիպոթետիկ սցենարները» և վստահեցրել. - «Մենք նպատակաուղղված ենք դեպի բոլոր գոյություն ունեցող հարցերի խաղաղ կարգավորում»:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ