Այսօր Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն X-ի իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ «հետևելու և վերահսկելու մետաձուլական գործարանի ապամոնտաժմանը»:
«ԵՄ դիտորդական առաքելությունն իր ներկայությամբ նպաստում է սարքավորումների անվտանգ տեղափոխմանն այլ վայր»,- գրված է առաքելության X-ի էջում:
Այս գրառումը սակայն ավելի ուշ հեռացվեց։ Առաքելությունը նոր հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխում, ներառյալ՝ կառուցվող մետաղաձուլական գործարանի հատվածում՝ հետևելու անվտանգության և ռազմական ցանկացած զարգացումներ։
«Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրի ձևավորմանը», - ասված է գրառման մեջ։
Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ կես տարի առաջ, նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ։ Բաքուն պարբերաբար հաղորդում է, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են լինում գործարանի ուղղությամբ, կրակոցներից նույնիսկ երկու շինարար է վիրավորվել, շինտեխնիկա վնասվել։ Մետալուրգիական գործարանի շահագործմանը վերաբերող Բաքվի պնդումները Երևանն անհիմն է համարում։ Բաքուն պաշտոնապես դիմել է Երևանին՝ Երասխի գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խոշոր հանքավայրերի գործունեությունը դադարեցնելու պահանջներ. հիմնավո՞ր են Բաքվի պնդումները