Փաշինյանը հայտարարում է՝ պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջ օրվա ընթացքում հեռախոսով խոսել է հարևան երկրների ու գերտերությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց փոխանցելով, որ պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու նպատակով։

Կառավարությունը հաղորդել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցների մասին։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, հեռախոսազանգերի առանցքում սահմանին լարվածության աճն է։

Հատկանշական է՝ վերջին օրերին կտրուկ լարված հայ-ռուսական հարեբերությունների ֆոնին մինչ այս պահը չի հաղորդվել Ռուսաստանի նախագահի հետ զրույցի մասին։

Փաշինյանը քննարկել է Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը


Առաջնորդների հետ այսօրվա զրույցներում Փաշինյանը քննարկել է Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակումն ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը։

Հեռախոսազանգերի ընթացքում Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդում է հայկական կողմը։

Հայ-ադրբեջանական այդ հանդիպումներում կողմերը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որն իր մեջ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը:

«Իրավիճակը պայթյունավտանգ է»

Իրավիճակը պայթյունավտանգ է, ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ շեշտելով, որ այս հեռախոսազանգերի նպատակը հնարավոր ռազմական էսկալացիան կանխելն է։

«Դե ակնհայտ է, որ սահմանին իրավիճակը լարված է, կան տեղեկություններ զորքերի կուտակման մասին ինչպես Հայաստանի սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, բացի այդ Ադրբեջանն ակնհայտ տեղեկատվական հող է նախապատրաստում նոր էսկալացիայի համար և այս բոլոր գործողություններն իհարկե նպատակ ունեն կանխել այդ էսկալացիան դիվանագիտական ճանապարհով», - «Ազատությանն» ասաց Գրիգորյանը։

Սահմանային լարվածության աճի մասին արդեն շուրջ 10 օր է խոսվում, սեպտեմբերի 1-ին այն վերածվեց ռազմական բախման, որի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունեցավ, Ադրբեջանը երեք վիրավորի մասին հաղորդեց։

Հայաստանի վարչապետն այս հինգշաբթի ուղիղ հայտարարեց՝ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Բաքուն շտապեց հերքել՝ Փաշինյանի հայտարարությունը որակելով «քաղաքական մանիպուլյացիա»։

«Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է: Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին, ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը», - հայտարարեց Փաշինյանը:

Ի՞նչ կարող է այս պահին անել միջազգային հանրությունը՝ նոր ռազմական էսկալացիա թույլ չտալու համար

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Բաքվի վրա պետք է ճնշում գործադրել։

«Ադրբեջանի ցանկության դեպքում կարող են տարբեր դերակատարներ միջնորդություն իրականացնել, բայց այստեղ ավելի կարևոր է, որ ճնշում լինի Ադրբեջանի վրա և հստակ ուղերձ լինի, մասնավորապես, Միացյալ Նահանգների կողմից, որ նոր էսկալացիայի պարագայում շատ հստակ հետևանքներ կլինեն Ադրբեջանի համար», - ասաց քաղաքագետը։

Ադրբեջանն էլ իր հերթին Երևանին է մեղադրում ռազմական սադրանք հրահրելու մեջ։

Հայկական կողմը նոր խրամատներ է փորում, ամրություններ ստեղծում, անձնակազմ և տեխնիկա կենտրոնացնում, որպեսզի հերթական ռազմական արկածախնդրությունը սկսի, երեկ Բաքվում ասել են դիվանագիտական կորպուսի համար կազմակերպված բրիֆինգում։

Այս բրիֆինգին հետևեց արտգործնախարարության հայտարարությունը, թե Երևանը շարունակում է բաց լինել նախկինում իր առաջարկած դեէսկալացիայի մեխանիզմների քննարկման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստվում է ռազմական արկածախնդրության՝ Բաքվում ասվել է դիվանագիտական կորպուսի համար կազմակերպված բրիֆինգում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը շարունակում է բաց լինել նախկինում իր առաջարկած դեէսկալացիայի մեխանիզմների քննարկման համար