Էրդողանն ու Պուտինը խորացնում են երկկողմ կապերն՝ Անկարային կանգնեցնելով Արևմուտքի հետ բախման ուղու վրա

Մինչ Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին, իր մերձավոր դաշնակիցներից՝ Թուրքիան նորանոր պայմանավորվածություններ է ձեռք բերում Մոսկվայի հետ։

Անցնող շաբաթ Սոչիում կայացած հանդիպման արդյունքներն, ըստ վերլուծաբանների, վկայում են մեկ բանի մասին՝ Էրդողանի և Պուտինի միջև կապերը խզելու Արևմուտքի հույսերը չարդարացան։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 4-ին Սոչիում հայտարարեցին երկկողմ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին՝ էներգետիկայից մինչև զբոսաշրջության ոլորտներում։

Մոսկվան ու Անկարան համատեղ թանկարժեք նախագծերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերում

Մոսկվան ու Անկարան համատեղ թանկարժեք նախագծերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերում՝ չնայած երկու երկրների միջև բազմաթիվ հարցերում առկա սկզբունքային տարաձայնություններին․ Մոսկվային հստակ հայտնի է նաև Ուկրաինային՝ Էրդողանի վճռական աջակցության մասին, մասնավորապես, ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով։ Ռուսաստանի սահմաններին Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավոր ընդլայնումն էր, ըստ Պուտինի, Ուկրաինա ներխուժելու պատճառներից մեկը։

Այդքանով հանդերձ Կրեմլի ղեկավարը դժվար թե իրեն թույլ տա նվազեցնել հարաբերություններն իր թուրք պաշտոնակցի հետ, համոզված են ռուս-թուրքական հարաբերությունների գիտակները։

«Պուտինը չի կարող հաշտվել Էրդողանի կորստի հետ։ Սա միանաշանակ է», - պնդում է թուրք վերլուծաբան Իլհան Ուզգելը VOA-ի հետ զրույցում․ - «Նրանց [ռուսներին] չի հետաքրքրում, թե ինչ է անում Էրդողանը արևմտյան երկրների և արևմտյան կառույցների հետ իր հարաբերություններում։ Նրանց [ռուսներին] ավելի շատ հետաքրքրում է, թե իրենք ինչպես կարող են համագործակցել Էրդողանի հետ, և նրանք համագործակցում են բազմաթիվ ոլորտներում»։

Թուրքիայի, Ռուսաստանի և Կատարի գործարքը հարցեր է առաջացրել Արևմուտքում

Ռուս պաշտոնյաները Էրդողան -Պուտին հանդիպումից հետո հաստատեցին՝ Թուրքիան, Ռուսաստանը և Կատարը պայմանավորվել են համատեղ ջանքերով աֆրիկյան աղքատ երկրներ մատչելի գներով հացահատիկ մատակարարել։ Հացահատիկը տրամադրում է Ռուսաստանը, այն ալյուրի է վերածում Թուրքիան, իսկ Կատարն օգնում է մթերքը հասցեատերերին հասցնելու գործին։

Վերծուբանների կարծիքով՝ այդ համաձայնագրի հարցում Մոսկվայի ոգևորվածությունը պատահական չէ, ենթադրվում է, որ ռուսական կողմն իրացնում է Ուկրաինայից առգրավված հացահատիկը՝ վաճառում և եկամուտ է ստանում, ըստ էության, շրջանցելով միջազգային պատժամիջոցները։

Հնարամիտ այս գործարքը միաժամանակ հարցեր է առաջացրել Արևմուտքում․ Էրդողանը ոչ միայն չի միանում ռուսների դեմ արևմտյան պատժամիջոցներին, այլև օգնո՞ւմ է Մոսկվային շրջանցել դաշնակիցների սահմանափակումները։

«Թուրքիայում բազմաթիվ են միջնորդները, որոնք օգնում են ռուսներին, մասնավորապես, Արևմուտքից ապրանքներ ձեռք բերելու հարցում, այդ թվում՝ զգայուն ապրանքներ»,- նշում է Ջորջ Վոլոշինը՝ ACAMS-ի ներկայացուցիչը։ Այս կառույցը զբաղվում է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարով ։

Սոչիի գագաթնաժողովի ընթացքում Պուտինն ու Էրդողանը պարտավորվեցին նաև երկկողմ առևտուրը 70 միլիարդ դոլարից հասցնել 100 միլիարդ դոլարի, բացի այդ, Թուրքիան դարձնել ռուսական գազի բաշխման տարածաշրջանային հանգույց։

«Ռուսաստանն ու Թուրքիան դառնում են միմյանց համար անփոխարինելի»

Ըստ որոշ գնահատականների՝ գազային պայմանավորվածությունը կարող է ճակատագրական լինել Թուրքիայի և Արևմուտքի միջև հարաբերությունների համար, քանի որ ռուսական էներգակիրների շուրջ Մոսկվա-Անկարա համագործակցությունը փաստացի խաթարում է Արևմուտքի ջանքերը՝ միջազգային շուկաներում ռուսական նավթից ու գազից հրաժարվելու ուղղությամբ։

Տարածաշրջանային հսկաների համատեղ նախագծերը դրանով չեն սահմանափակվի։ Մոսկվան ու Անկարան մտադիր են ռազմավարական նշանակության մեկ այլ ծրագիր սկսել՝ Թուրքիայում երկրորդ միջուկային ռեակտորը կառուցել։

«Սոչիի հանդիպումը հստակ ի ցույց դրեց, որ երկու կողմերի միջև փոխգործակցությունն աճում է, Ռուսաստանն ու Թուրքիան դառնում են միմյանց համար անփոխարինելի», - ընդգծում է Բոննի համալսարանի պրոֆեսոր Զաուր Գասիմովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան-Պուտին հանդիպման ֆոնին խորանում է թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող ճգնաժամը