Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական հարաբերությունները, «հացահատիկի գործարքը»՝ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում


Ի թիվս այլ թեմաների, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները այս ամիս նախատեսված հանդիպմանը կքննարկեն «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, գրել է այսօր Hurriyet թերթը, որին հղում են անում նաև ռուսական պետական գործակալությունները։

Մինչ այդ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր հայտարարել է, թե Հարավային Կովկասում կայունության, բարեկեցության և անվտանգության ապահովման համար հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները պետք է զուգահեռաբար ընթանան. - «Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող կարգավորման գործընթացը արագացել է»։

Պուտին-Էրդողան այս ամիս նախատեսված հանդիպման օրակարգը, հիմնական թեման, ըստ ռուսական և թուրքական աղբյուրների, ուկրաինական պատերազմն է լինելու։ РИА Новости-ն և ТАСС-ն, այսօր հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել են, թե Թուրքիայի նախագահը մտադիր է օգոստոսին կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի նախագահին նոր առաջարկներ անել թե՛ հացահատիկի գործարքի, թե՛ ընդհանրապես ռուս-ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման վերաբերյալ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ Անկարան հույսը դնում է հացահատիկի գործարքի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման վրա։

Անկարան պատրաստ է փոխել իր մոտեցումները, վստահեցնում են լրատվամիջոցի աղբյուրները, մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում։ РИА Новости-ն, էլ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմում իր աղբյուրին, հայտնում է, թե Էրդողանը մտադիր է Պուտինին կրկին առաջարկել իր միջնորդությունը ուկրաինական հակամարտությունում։

Ռուսական պետական գործակալությունները գրում են նաև, թե Անկարան մի շարք կոնկրետ տարբերակներ է քննարկում Ռուսաստանի հետ կարիքավոր երկրներին համատեղ հացահատիկ տրամադրելու համար։

Թուրքիան ծրագրում է վերանայել հացահատիկի գործարքի վերաբերյալ իր մոտեցումները, գրում է նաև թուրքական Hurriyet -ն առանց մանրամասնելու։ Թեման այսօր քննարկվում է Թուրքիայի կառավարության նիստի ընթացքում։ Թուրքական թերթի տվյալներով՝ նախագահ Պուտինի այցը նախատեսված է օգոստոսի վերջին։

Հիմնականը Պուտին-Էրդողան առաջիկա հանդպման ժամանակ, իհարկե, հացահատիկի գործարքն է լինելու, այն կնքվել էր Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ անցած տարվա հուլիսին: Գործարքի շրջանակներում ուկրաինական նավահանգիստներից հացահատիկ էր արտահանվում։ Այս տարվա հուլիսի 18-ին, սակայն, Մոսկվան հայատարարել է գործարքից դւրս գալու մասին և սկսել ինտենսիվ ռմբակոծել Ուկրիանայի նավահանգիստները, ինչից հետո Կիևն, իր հերթին, հայտարարել է, թե ուկրաինական ուժերը թիրախի տակ են վերցնում ռուսական նավերն ու սևծովյան նավահանգիստները։

Մոսկվան, մինչդեռ, հայտարարում է, թե կարող է վերադառնալ գործարքին, եթե, օրինակ, հանվեն մատակարարումները սպասարկող ռուսական բանկերի համար գործող պատժամիջոցները։

Վերջին անգամ Էրդողանն ու Պուտինը խոսել են օգոստոսի սկզբին, այդ ժամանակ էլ պայմանավորվել են Թուրքիա Պուտինի այցի մասին։ Այցի ստույգ ժամկետները դեռ հայտնի չեն։ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինին սպասում է օգոստոսին: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ ասել էր, որ նման պլաններ կան, սակայն կոնկրետ ժամկետներ չէր նշել։

Ինքը՝ Պուտինը հուլիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում, մեկնաբանելով Էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը, ասել էր. «Կամ նա կգա մեզ մոտ, կամ ես կգնամ, կտեսնենք»։

Հուլիսի վերջին The Wall Street Journal-ը, վկայակոչելով դիվանագետներին և վերլուծաբաններին, գրել էր, որ Պուտինն անտեսել է Մոսկվայի վերադարձը հացահատիկի գործարքին քննարկելու Էրդողանի առաջարկը։ Պարբերականը նկատել էր, թե ՌԴ-ն ընդհանրապես հրաժարվել էր հացահատիկի գործարքից այն բանից հետո, երբ Թուրքիան Ուկրաինային էր փոխանցել «Ազովի» գումարտակի հրամանատարներին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այն ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը «Ազովի» հրամանատարների վերադարձն Ուկրաինա համարում է պայմանավորվածությունների խախտում, սակայն կշարունակի երկխոսությունը Թուրքիայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG