Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մայիսի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու կապակցությամբ:
Ալիևը զանգահարել է Էրդողանին և շնորհավորելուց ու հաջողություն մաղթելուց հետո նրան հրավիրել է Բաքու: Էրդողանն, իր հերթին, շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ:
Պուտինը թուրք գործընկերոջը պաշտոնական խողովակով հղած հեռագրում Էրդողանին անվանել է «սիրելի ընկեր» և նշել, որ «Ռուսաստանում բարձր են գնահատում Էրդողանի անձնական ներդրումը ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»:
Քվեաթերթիկների 99,9 տոկոսի ամփոփման արդյունքների համաձայն, Էրդողանը ստացել է ձայների 51,97, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 48,03 տոկոսը:
Ընդդիմադիրն այս ընտրություններն անվանել է «ամենաանարդարը Թուրքիայի պատմության ընթացքում» և վստահեցրել է, որ կշարունակի «պայքարը հայրենիքում դեմոկրատիայի համար»: