Արցախի խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը հաստատում է, որ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին, բայց չի մանրամասնում՝ ո՞ւմ, ի՞նչ խողովակներով և ի՞նչ արձագանք է ստացել։
Նախօրեին «Ազատության» եթերում Արցախի պաշտպանության նախկին նախարար, ներկայիս իշխանությունների քննադատ Բաբայանը պնդել էր՝ ինքը լուծումներ ունի, փաթեթն ուղարկել են Ադրբեջան:
«Ներկայացրել ենք իրանց, ինչ-որ ձևի պատասխաններ կան, ինչ-որ ձևի հարցեր կան, ընթանում են էդ քննարկումները: Մենք ամբողջովին գալու ենք մի լուրջ փաթեթի, դրանից հետո նստելու ենք բանակցությունների՝ կետ առ կետ գնանք լուծումները տանք, որ Արցախն իր տարածքների վերականգնումից սկսած, միավոր որպես այդպիսին, իր զորամասով, իր ամեն ինչով», - ասաց Արցախի պաշտպանության նախկին նախարարը:
Սամվել Բաբայանը միայն ընդհանուր գծերով է ներկայացնում իր առաջարկը՝ նախ ադրբեջանցիների հետ փոխվստահության հասնել, ապա անցնել քաղաքական լուծման։
«Մեկը պատկերացնում է՝ պայքարենք մինչև վերջ, սովից կոտորվենք մինչև վերջ հանուն Երևանում իշխանություն փոխելու, մյուսը մտածում է՝ նստենք երկխոսության, գնանք փոխզիջումների, փոխվստահության, խնդիրները լուծենք, հնարավո՞ր է, ասում եմ՝ այո: Հիմա տեսնենք մեր հասարակությունը որն է ընտրում», - նշեց «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարը:
Չբացահայտելով՝ ի՞նչ ճանապարհով է ինքը շփվում Ադրբեջանի հետ՝ Սամվել Բաբայանը պնդում է, թե տեղեկություն ունի, որ Արցախի իշխանությունները ևս կապի մեջ են Բաքվի հետ, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով։ Պաշտոնական Ստեփանակերտը նման տեղեկություն չի հաղորդել, Բաքու-Ստեփանակերտ շփան մասին վերջին անգամ հաղորդվել էր մարտի 1-ին։
2.5 ամիս լիակատար շրջափակման մեջ գտնվող, հացը կտրոններով ու սահմանափակ քանակությամբ բաշխող Ստեփանակերտը մինչև այս պահը հրաժարվում է ադրբեջանական օգնությունից, պնդելով՝ Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը։
«Ազատությունը» Արցախի արտգործնախարարությունից է փորձել ճշտել՝ արդյո՞ք իրենք մարտի 1-ից հետո հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ կամ տեղեկություններ ունե՞ն Բաքվի հետ ոչ պաշտոնական խողովակներով շփումների մասին։ Նաև՝ արդյո՞ք ստացել են Ստեփանակերտ-Բաքու հնարավոր հանդիպման առաջարկ՝ ուղիղ կամ միջազգային միջնորդների ներգրավվածությամբ, եթե՝ այո, արդյո՞ք Ստեփանակերտը ընդունել է այդ տարբերակներից որևէ մեկը։
Մի քանի օր առաջ Ստեփանակերտն իր պայմանների մասին բաց խոսել էր՝ ադրբեջանցիների հետ կբանակցեն միջազգային ձևաչափի շրջանակներում, ոչ Ադրբեջանի տարածքում։
Ռուսական «Կոմերսանտն» այսօր, իր դիվանագիտական աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ ռուսները ձեռք չեն քաշել, այսպես կոչված, «Լավրովի պլանից», ու որ նախօրեին Երևան, այսօր էլ Բաքու այցելած ռուսաստանցի բանագնաց Իգոր Խովաևը տարածաշրջանում է հենց ռուսական առաջարկներն առաջ մղելու համար, որոնց համաձայն Աղդամի ճանապարհի բացումից մեկ օր անց բացվում է նաև Լաչինի միջանցքը։ Արդյո՞ք այս հաջորդականությունը ընդունելի է Աղդամի ճանապարհին ընդդիմացող Ստեփանակերտի համար։ Ի դեպ, նույն աղբյուրը նաև հաղորդել էր Ռուսաստանցի համանախագահի ու Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի երևանյան հանդիպման մասին, Ղարաբաղի արտգործնախարարությունը, սակայն, որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, հետաքրքրվել ենք՝ ի՞նչ առաջարկություններ է Խովավևը ներկայացրել Ստեփանակերտին։ Առայժմ Արտգործնախարարությունից այս հարցերին չեն արձագանքել։
Արցախի նոր ղեկավարի ընտրությունների նախօրեին խորհրդարանի 5 խմբակցություններից որևէ մեկը ստեղծված ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզ չի ներկայացրել։