«Ոչ թե 21, այլ 7 անշարժ գույքի մասին է խոսքն իրականում և ներկայացման մեջ ինչ ասում եմ, ճշմարտությունն եմ ասում», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց նախկին քաղաքապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն՝ անդրադառնալով Եվրոպայում, մասնավորապես, Չեխիայում իր ունեցվածքի մասին շրջանառվող լուրերին։
Օգտատերերը հետաքրքրվում էին, թե եվրոպաներում մեծ ունեցվածք՝ 21 անշարժ գույք ունեցող Մարությանը՝ չորս հողամաս, հինգ բնակարան, ոչ բնակելի տարածք Չեխիայում, երկու բնակարան Ավստրիայում, ավտոտնակներ և այլն, ինչո՞ւ է ներկայացման ժամանակ ասում, որ Երևանի Կենտրոնի իր տունը տվել է վարձով, որպեսզի կարողանա ապրել, բա էդ ունեցվածքն ո՞ւմն է։ Մարությանը շրջանառվող այդ լուրերն ապատեղեկատվություն որակեց։
«Իշխանական մեդիաները և էդ ֆեյքերը՝ կեղծ էջերը, տարածում են ապատեղեկատվություն, ասում են 21 անշարժ գույք Մարությանն ունի Չեխիայում, էդպես էլ գրում են։ Ուզում եմ ասել, քանի որ Չեխիայի օրենսդրությունն այնպիսին է, որ, օրինակ, ինձ մոտ 50 քառակուսիանոց բնակարան է, բայց էդ բնակարանը չի հաշվարկվում որպես մի անշարժ գույք, այլ հաշվում է առնվազն երեք, որովհետև ունի մի ավտոկայանատեղի՝ բաց, երկու քառակուսիանոց նկուղ ունի, այսինքն՝ էդ մի 50 քառակուսիանոց բնակարանը երեք անշարժ գույք է։ Խոսքը գնում է 7 անշարժ գույքի մասին, ոչ թե 21 անշարժ գույքի մասին Չեխիայում և այդ ներկայացման ժամանակ ինչ ասում եմ, ասում եմ մաքուր ճշմարտությունը», - ասաց Մարությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկ Մարությանը մեծ քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացնումՆա նշեց, որ դրանք գնել է վարկով, տվել է վարձով և վարձից ստացված գումարներով վարկերն է փակում։
«Այ էդ իշխանական մեդիաները չեն նշում, որ նույն այդ հայտարարագրի մեջ նշված է, որ ես վարձով եմ ապրում, բնականաբար, եթե մարդիկ առնչվել են եվրոպական անշարժ գույքի հետ, եթե էդ շուկայում դու վարձով ես տալիս, բավականին փոքր գումարներ են գալիս։ Հաշվի պետք է առնել, որ ես այդ ամեն ինչը վարկով եմ գնել, այսինքն՝ էդ գումարները սպասարկում են վարկը, ամսական վարձավճարները, ինքնամփոփ մի համակարգ է ստացվում էնտեղ», - ասաց Մարուքյանը։
Նա միևնույն ժամանակ չհերքեց՝ Երևանի կենտրոնում շքեղ ու մեծ բնակարան ունի՝ ոչ վարկով գնված, որպեսզի իրենց կարիքները հոգան, այդ բնակարանը ևս վարձով են տվել։
«Բնականաբար, մենք էստեղ ապրելով իմ էստեղի տունը, բավական մեծ և շքեղ բնակարան է կենտրոնում, որը վարկով չի և մենք որպեսզի իրոք մեր կարիքները հոգանք ամսական և որպեսզի բոլոր հարցերը լուծենք, մենք տվեցինք վարձով, գնացինք այլ տուն վերցրեցինք վարձով, որը բավականին մեծ տարբերություն էր գումարային, ինչ կա, դա կա», - ասաց նախկին քաղաքապետը։
Հարցին, թե փաստորեն այս ունեցվածքից գրեթե եկամուտ չունի՞, Մարուքյանը պատասխանեց․ - «Եկամուտը կա, բայց էդ եկամուտը սպասարկում է վարկը, վարձավճարները և այլն»։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․