Դավիթ Տոնոյանը կմնա բանտում. Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժեց գրեթե 2 տարի կալանավորված պաշտպանության նախկին նախարարի կալանքը փոխարինելու միջնորդությունը:
«Անպիտան հրթիռների» գործով շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող Տոնոյանի պաշտպաններն անցած 2 տարում կալանքը փոխարինելու 5-ից ավելի միջնորդություն են ներկայացրել, սակայն բոլոր դեպքերում դատարանը խափանման միջոցն անփոփոխ է թողել՝ պատճառաբանությամբ, թե նա կարող է վկաների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրել։
Ի՞նչ հիմքով է այս անգամ դատարանը մերժել Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը. նրա պաշտպաններից Ավետիք Կարապետյանն «Ազատությանն» ասաց՝ որոշումը չեն ստացել, բայց արդեն ենթադրություններ ունեն: Պաշտպաններն, ի դեպ, այսօրվա դռնփակ նիստին չէին մասնակցում:
«Ենթադրում եմ, որ նույն հիմնավորումները պետք է լինեն դատարանի կողմից նշված, որ դեռևս չեն հարցաքննվել ամբաստանյալները, չնայած այն հանգամանքին, որ վերաքննիչ դատարանը դա արդարացված և փաստարկված չէր համարել», - ասաց Կարապետյանը:
Բարձրաստիճան նախկին պաշտոնյայի պաշտպանը պնդում է՝ հատկապես հիմա, երբ դատարանը հարցաքննել է բոլոր վկաներին ու երկու ամբաստանյալի, իր պաշտպանյալի շարունակական կալանքի տակ պահելն անհիմն է։
«Չի հարցաքննվել ազատության մեջ գտնվող Արտակ Դավթյանը, մնացած ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ ու դատարան ուղեկցելու պրոցեսում շփվում են իրար հետ ու տեսական առումով այստեղ խնդիր չկա գործի քննությանը խոչընդոտելու այդ հիմքը գնահատել որպես անազատության մեջ գտնվող ամբաստանյալների վրա ազդեցություն գործադրելու եղանակով: Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ դատարանը փորձում է արհեստական ինչ-որ հիմքեր գտնել, որ կալանքի տակ պահելու հիմնավորումները կարողանա արդարացնել», - նշեց պաշտպանը:
2 տարվա ընթացքում 55-ամյա Տոնոյանը բանտից դուրս է եկել միայն երկու անգամ՝ այս տարվա օգոստոսի 1-ին ու 2-ին, երբ մասնակցում էր Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին։ Այդ ժամանակ իշխող ուժից էին միջնորդել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ-ն չի կանխատեսել, որ Թուրքիայի ԶՈւ-ն ևս ուղիղ ներգրավված կլինեն Արցախի դեմ պատերազմում. ՏոնոյանՊաշտպան Ավետիք Կարապետյանն ասում է՝ կալանքի միջնորդության որոշումը ստանալուց հետո մեծ է հավանականությունը, որ այն կվիճարկեն արդեն Վերաքննիչ դատարանում։
2 տարի շարունակ կալանքի տակ գտնվելը պաշտպանները քաղաքական ազդեցության հետևանք են համարում, հայտարարում, որ եթե նման միջամտություն չլիներ, ապա դեռ ամիսներ առաջ դատարանը Տոնոյանին ազատ կարձակեր։ Իր հայտարարություններից մեկում նաև հենց Տոնոյանն էր դա ակնարկել, հայտարարել, որ նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։
«Գրեթե 2 տարի ժամանակով անձին կալանքի տակ պահելը նույն վերացական հիմնավորումներով, կարծում եմ, չի կարող որևիցե օբյեկտիվ դիտորդի մոտ այդպիսի կարծիք չձևավորել», - ընդգծեց Կարապետյանը:
«Անպիտան հրթիռներ» գործով անցնում են նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը, ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, Գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, նրանք ևս կալանավորված են։ Մյուս մեղադրյալները, այդ թվում՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն ազատության մեջ են։
Ըստ մեղադրանքի՝ բարձրաստիճան զինվորականները բանակին զինամթերք մատակարարող Դավիթ Գալստյանից 2018-ին ձեռք են բերել ավելի քան 4 հազար անպիտան հրթիռներ, որոնք հնարավոր չի եղել կիրառել 44-օրյա պատերազմի ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե չլիներ քաղաքական վերահսկողություն, պարոն Տոնոյանը վաղուց ազատ կլիներ». փաստաբան