Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ


Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժեց Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդությունը, «Ազատությանը» փոխանցեց նրա պաշտպան Ավետիք Կարապետյանը:

«Անպիտան հրթիռներ»-ի գործով շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարարը գրեթե 2 տարի կալանքի տակ է։ Նրա պաշտպանները կալանքը փոխարինելու 5-ից ավելի միջնորդություն են ներկայացրել, սակայն բոլոր դեպքերում դատարանն անփոփոխ է թողել Տոնոյանի խափանման միջոցը՝ պատճառաբանությամբ, թե նա կարող է վկաների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրել։

Այս ընթացքում Դավիթ Տոնոյանն ազատության մեջ է հայտնվել միայն երկու անգամ, երբ մասնակցում էր Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին։

Ըստ մեղադրանքի՝ բարձրաստիճան զինվորականները բանակին զինամթերք մատակարարող Դավիթ Գալստյանից 2018-ին ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք, որը հնարավոր չի եղել կիրառել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Պաշտպանության նախկին նախարարը չի ընդունում մեղադրանքը, պաշտպանական թիմն էլ քրեական գործը շինծու և անհիմն է որակում՝ պնդելով՝ մեղադրանքով անպիտան որակված հրթիռները որակով են և հնարավոր է կիրառել:

«Անպիտան հրթիռների» գործով անցնում են բարձրաստիճան նախկին զինվորականներ, այդ թվում՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, այդ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, նրանք ազատության մեջ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG