Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի գնահատմամբ, Բաքուն Արցախի հայերի նկատմամբ խեղդամահության ռազմավարություն է կիրառում, որպեսզի ստիպի նրանց զանգվածաբար արտագաղթել։
Այս մասին ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է արտերկրում՝ Ֆրանսիայի դեսպանների տարեկան համաժողովին ունեցած իր ելույթի ընթացքում։
«Մենք մոբիլիզացվում ենք այնպես, որ պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության համար, սահմանազատվեն երկու երկրների միջև սահմանները, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին այնտեղ ապրելու հնարավորություն առաջարկվի՝ ապահովելով իրենց իրավունքները, մշակույթը և պատմությունը», - հայտարարել է Կոլոնան և հավելել․ - «Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթ հրահրելուն ուղղված խեղդամահության ռազմավարությունն անօրինական է և, ինչպես Արդարադատության միջազգային դատարանն է վճռել, այն նաև անբարո է»։
Նախօրեին նույն համաժողովում ելույթ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ հայտարարելով, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ Փարիզը միջազգային մակարդակով կրկին հանդես կգա դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը Լաչինի միջանցքում իրավիճակը քննարկելու է Փաշինյանի ու Ալիևի հետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մակրոնի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է». Հաջիզադե