Հակակոռուպցիոն դատարանը գրեթե 2 տարի անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը փոխարինելու հարցի քննությունից հետո հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի վաղը՝ առավոտյան 10:30-ին:
Նախորդ բոլոր դեպքերում դատարանն անփոփոխ է թողել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խափանման միջոցը՝ պատճառաբանությամբ, թե Տոնոյանը կարող է վկաների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրել։
«Անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործի հերթական դատական նիստն այսօր կեսօրին է մեկնարկել: Շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող 55-ամյա Տոնոյանը չի ընդունում մեղադրանքը, պաշտպանական թիմն էլ քրեական գործը շինծու և անհիմն է որակում։
Նրա փաստաբանները հայտարարում են՝ դատարանն արդեն հարցաքննել է բոլոր վկաներին և երկու ամբաստանյալի։ Պնդում են՝ որևէ վկա Դավիթ Տոնոյանին և մյուսների առաջադրված մեղադրանքը հիմնավորող որևէ ցուցմունք չի տրվել։
Այս տեղեկությունը հնարավոր չէ հաստատել, քանի որ լրագրողները դատական նիստերին մասնակցելու հնարավորություն չունեն։ Դատավարությունը պետական գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ փակ է ընթանում։
Ըստ փաստաբանների՝ դատարանը հիմա էլ ամբաստանյալների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու կասկածն է առաջ քաշել Տոնոյանին կալանքի տակ պահելու համար։ Փաստաբանները պնդում են, թե այս փաստարկը ևս զուրկ է որևէ հիմնավորումից և հաստատվել է նաև մեկ ամիս առաջ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանը կասկածի տակ է դնում «անպիտան հրթիռների» գործով դատավորի օբյեկտիվությունը«Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտը այս տարվա օգոստոսի 8-ին փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Դոլմազյանի, պարտավոր էր Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն ապահովվել այդ միջնորդության անհապաղ քննությունը: Այլ կերպ, դատարանը պարտավոր էր Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո անմիջապես՝ սեղմ ժամկետում ձեռնամուխ լինել Վերաքննիչ դատարանի որոշման պահանջների կատարմանը, այն է՝ Դավիթ Տոնոյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը քննարկելուն», - ասված է հայտարարության մեջ:
Մինչդեռ, ըստ փաստաբանների, դատավոր Դոլմազյանը Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո երեք նիստ է նախագահել, սակայն դեռ չի քննարկել միջնորդությունը։ Ըստ փաստաբանների՝ դատարանը հետաձգումը պատճառաբանել է ծանրաբեռնվածությամբ։
Պաշտպանները կասկածներ ունեն՝ միտումնավոր է ձգձգվում Տոնոյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննարկումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴԿալանավորման գրեթե 2 տարվա ընթացքում դատարանը միայն օգոստոսի 1-ին և 2-ին Տոնոյանին թույլատրեց ազատության մեջ գտնվել՝ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար։
Տոնոյանի մասնակցությամբ նիստի մի մասն էր հրապարակային։ Այդ ընթացքում պաշտպանության նախկին նախարարը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում՝ պատերազմի պարտության պատճառների մասին։
«Մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի զինված ուժերն անմիջապես կարող են հայտնվել արցախյան թատերաբերմից ընդամենը 45 կիլոմետր, 25 կիլոմետր հեռավորության վրա», - ասել էր Տոնոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ-ն չի կանխատեսել, որ Թուրքիայի ԶՈւ-ն ևս ուղիղ ներգրավված կլինեն Արցախի դեմ պատերազմում. Տոնոյան