«Անընդհատ Բաքվի նոր պահանջներ, նոր խոչընդոտներ». Հելեն Դադայանի մարմինը դեռ չեն կարողանում Արցախ տեղափոխել

12 օր անցավ, արցախցի ուսանողուհու՝ Հելեն Դադայանի մարմինը ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Գորիսի դիահերձարանից տեղափոխել Արցախ, ծննդավայր Ճարտարում հողին հանձնել։ Հելենը Գյումրի-Երևան ողբերգական վթարի զոհերից է։

«Կարմիր խաչը իր փաստաթղթերն անընդհատ փոփոխում է՝ անընդհատ Բաքվի նոր պահանջներ, Բաքվի նոր խոչընդոտներ, անընդհատ փոփոխում է: Կարծում եմ՝ արդեն հույս չունեմ, չնայած սպասում ենք այդ անհույս պատասխանին էլ», - նշեց Հելենի մորեղբայրը՝ Միշա Սաֆարյանը:

Ադրբեջանական կողմը ծննդյան, մահվան վկայականների փոփոխություններ է պահանջում։ Հելենի մորեղբայրը պատմում է՝ այժմ էլ պնդում են Մարտունու շրջանի Ճարտար գյուղը խմբագրել դարձնել Խոջավենդի Չարթար:

«Մահվան վկայականի մեջ պիտի գրված լինի՝ Ադրբեջանի Հանրապետություն, Խոջավենդի ռայոն, նմանատիպ անհեթեթություններ, որ ուղակի պրակտիկորեն հնարավոր էլ չի դա կեղծել էլի», - նշեց Միշա Սաֆարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Աղաչում եմ, պաղատում եմ, պահանջում եմ». - Հելեն Դադայանի մայրը վեցերորդ օրն է՝ սպասում է դստեր մարմինն իրեն՝ Արցախ հասնի


Անհնարին խմբագրումներ են պահանջում, ասում է Սաֆարյանը։ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի ղեկավար Վլադիկ Հովհաննիսյանը նշում է՝ իրենից ինչ փաստաթղթեր պահանջվել է, տվել է, իրական տվյալներով՝ շեշտում է. - «Ինչ կա, մենք էն կարող ենք տալ»:

Ավելի քան տասը օր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բաքվի հետ բանակցում է աղջկա մարմինը տեղափոխելու հարցով: «Դեռ բանակցում ենք», -ասում է հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:

«Տվյալ հարցը մնում է մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում, մենք շարունակաբար կապի մեջ ենք հարազատների հետ, ինչպես նաև քննարկում ենք այդ հարցը համապատասխան որոշումներ կայացնողների հետ», - ընդգծեց Զառա Ամատունին:

Կազմակերպությունում, սակայն, չեն մեկնաբանում տեղեկությունը, որ Բաքուն անընդհատ խմբագրումներ է պահանջում։ Հելենի մորեղբայրն ասում է՝ ավելի վաղ էլ «Արցախի Հանրապետություն» բառերն էին պահանջել չեզոքացնել փաստաթղթերից. - «Մահվան վկայականը սկզբից թողարկել էր Ղարաբաղի Մարտունի, հետո դա անվավեր ճանաչեցին, հետո թողարկեց Երևանը, Երևանի թողարկումը թարգմանություն արինք»:

Նախորդ շաբաթ Հելենի ծնողները հարազատները, արցախցիներ՝ հավաքվել էին Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի մոտ միակ պահանջով՝ աղջկա մարմինը իր հարազատ Ճարտարում պիտի հողին հանձնեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զոհված աղջկա հարազատների փոխանցմամբ՝ խաղաղապահների հրամանատարը խոստացել է օգնել դին տեղափոխել Արցախ

Նույն՝ շաբաթ օրը Հելենի հարազատները Արցախի պետնախարարի ուղեկցությամբ ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ հանդիպեցին. - «Լենցովն ասել է՝ եթե Կարմիր խաչը չի կարողանում, ես կբերեմ ու ոչ միայն հստակ խոստում է հնչել, պետնախարարն էլ հաստատել է, ասել է՝ Լենցովը որ մի բան խոստանում է, անպայման անում է»:

Միշա Սաֆարյանի տեղեկացմամբ՝ երեկ նորից Արցախի կառավարությունը ռուս խաղաղապահների հրամանատարին է դիմել այս հարցով, պատասխան, հստակություն չկա։

21-ամյա Հելենի ծնողները, քույրը, եղբայրը, հարազատները Արցախում ծանր սպասման մեջ են։ Իսկ Բաքուն ամենօրյա ռեժիմով ազատ երթևեկ է ցուցադրում Հակարիի կամրջով, թե որքան բաց է անցակետը հայերի համար։ Միշա Սաֆարյանը շեշտում է՝ Արցախից հեռանալ թույլատրում են, իսկ մուտքը փակ է նույնիսկ մահացածի համար: