Մինչ Ստեփանակերտում շարունակվում են քննարկումները ճգնաժամից հնարավոր ելքերի վերաբերյալ, Արցախի արտգործնախարարությունը կրկին հայտարարում է՝ Ադրբեջանի տարածքում բանակցությունները՝ առանց միջազգային միջնորդների ներկայության, մեծ ռիսկեր են պարունակում։
Հիշեցնելով Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ներկայությամբ՝ Ստեփանակերտը միաժամանակ չի հստակեցնում՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Բարդայում նախատեսված է հանդիպում կամ հակվա՞ծ են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը:
Պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կարծում է՝ Աղդամից օգտվելու համար նախապայմաններ պիտի լինեն. - «Լաչինի միջանցքն ամբողջությամբ բացում են, անվտանգության երաշխիքներն ամբողջությամբ իրենց տեղում են լինում, որևէ միջամտություն տեղի չի ունենում Lաչինի միջանցքով ԼՂ-ի քաղաքացիների տեղաշարժի մասով, հետո մենք կարող ենք քննարկել կոմունիկացիների բացման բոլոր հնարավոր տարբերակները: Բաց Ադրբեջանն ակնհայտորեն դրան պատրաստ չէ»:
Երկրորդ ամիսը սովի մատնված Արցախում, ըստ Բեգլարյանի, նաև հակված չեն Աղդամի ճանապարհից օգտվելը որպես փոխզիջում դիտարկել:
«Խնդրահարույց է, որովհետև դա լրացուցիչ լեգիտիմացնում է իրենց հանցագործությունը և իրենք դրա միջոցով մեզ ցանկանում են հպատակեցնել ու երկարաժամկետ ցեղասպանության ենթարկել: Աղդամի ճանապարհը հետևանքն է և միջազգային հանրությունը չպետք է կենտրոնացնի ուշադրությունը հետևանքի վրա», - ընդգծեց նա:
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Ադրբեջանն անգամ համաձայն չէ Լաչինի ու Աղդամի ճանապարհների համաժամանակյա բացմանը
Մինչդեռ հայաստանցի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի տեղեկություններով՝ Ադրբեջանն անգամ համաձայն չէ երկու ճանապարհների՝ Լաչինի ու Աղդամի համաժամանակյա և նույն ռեժիմով բացմանը։ Այլևս խոսք չկա նոյեմբերի 9-ի փաստաթղթին վերադառնալու մասին, որով ճանապարհը պետք է մնա ռուս խաղաղապահների վերահսկողությանը՝ ապահովելով կապը Հայաստանի հետ:
«Աղդամից շարժ է իրականցվում, իսկ Լաչինից լավագույն դեպքում միայն ռուս խաղաղապահների միջոցով՝ որոշ ապրանքատեսակների տեղափոխում, ընդ որում, ինձ Արցախից շատ վստահ նաև ասում են, որ խոսքը դեռևս գնում է մեկանգամյա գործողության մասին», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Սա է, ըստ Աբրահամյանի, Ստեփանակերտ-Բաքու առաջիկա հանդիպման պայմանը, որ ճանապարհի մեկ անգամ գործարկումից հետո քննարկեն հետագա մանրամասները. - «Հետագայում, բնականաբար, ներկայացվելու են Արցախին այնպիսի պահանջներ, որոնք հրապարակային հնչում են, որը չի պահանջելու արցախցիների նվազագույն պահանջները ու հետագայում տոտալ շրջափակման շարունակությունը կամ հնարավոր ռազմական գործողությունները Ադրբեջանը փորձելու է ներկայացնել շատ ավելի, այսպես խոսված, ընկալելի դաշտում»:
Ճանապարհները միաժամանակ բացելու առաջարկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրապարակավ կրկնեց Ռուսաստանի ներկայացուցիչը։ Դրանից առաջ էլ՝ հուլիսին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր խոսել այդ հնարավորության մասին՝ ամփոփելով Փաշինյան-Ալիև բանակցությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միշելը կարևորում է հումանիտար մատակարարումները և՛ Լաչինով, և՛ Աղդամով, վերահաստատում ԵՄ աջակցությունը Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը«Այդ հանդիպման հենց հաջորդ օրը, կարելի է ասել, գիշերվանից այդ խաչմերուկում ինտենսիվ աշխատանք է սկսվել, բարեկարգվել է, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել, մոդուլային տնակներ են տեղադրվել, ենթադրվում է, ոստիկանության, մաքսային կետ և այլն», - նշեց Աբրահամյանը:
Հայաստանի իշխանությունները, սակայն, վստահեցնում են, որ նման հարց Ադրբեջանի հետ չեն քննարկել, Փաշինյանը հիշեցրել է, որ միայն Լաչինի միջանցքի վերաբերյալ է փաստաթուղթ ստորագրել։ Բաքուն պնդում է, թե հայկական կողմը միտումնավոր խափանում է հայերի ինտեգրացիան Աղդամով։ Արցախի նախագահն առաջիկա օրերին է հայտնելու որոշումը։