Տվերի մարզում կործանված մասնավոր ինքնաթիռի ուղևորների թվում է եղել Եվգենի Պրիգոժինը, հայտնում է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Գերատեսչությունը հրապարակել է Embraer բիզնես-ջեթի կործանման հետևանքով զոհված օդանավի անձնակազմի երեք անդամների և յոթ ուղևորների ցանկը, որոնց թվում է նաև «Վագների» հրամանատարներից՝ Պրիգոժինի մերձավոր դաշնակիցը համարվող Դմիտրի Ուտկինը։
Ոչ Կրեմլը, ոչ էլ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը մինչ այս պահը պաշտոնապես չեն հաստատել Պրիգոժինի և Ուտկինի մահը։
ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության համաձայն, աղետի ենթարկված ինքնաթիռի ուղևորների թվում է եղել նաև Եվգենի Մակարյանը։ Վերջինիս անունը ներառված է Ուկրաինայի «Միրոտվորեց» պատժամիջոցների բազայում․ ըստ ուկրաինական իրավապաշտպան կազմակերպության, 1985 թվականին ծնված Մակարյանը Պրիգոժինի գլխավորած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալներից է։
Օդանավի կործանման մասին այլ տեղեկություններ, այդ թվում` պաշտոնական վարկածներ, դեռ չկան։ Արտակարգ պատահարի փաստով հարուցվել է քրեական գործ, հետաքննությամբ զբաղվում է ՌԴ քննչական կոմիտեն: ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը միայն հայտնել է, որ Embraer Legacy մասնավոր օդանավը Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացրել է «սահմանված կարգով տրված օդային տարածքի օգտագործման թույլտվության հիման վրա»:
Պրիգոժինը վերջին անգամ հանրությանը ներկայացել է օգոստոսի 21-ին: Ենթադրաբար Աֆրիկայում նկարահանված տեսանյութում նա խոսում էր նոր վարձկանների հավաքագրման մասին:
Ռուսաստանի նախագահի հետ տասնամյակների ընկերական կապերով հայտնի գործարարի գլխավորած «Վագներ» ընկերությունը ռուսաստանյան ամենաազդեցիկ մասնավոր ռազմական խմբավորումն է, որը մի շարք երկրներում՝ Աֆրիկայից մինչև Ուկրաինա, զինված հակամարտությունների է մասնակցել Պուտինի վարչակազմի հովանու ներքո:
«Վագների» և Ռուսաստանի իշխանությունների հարաբերությունները, սակայն, կտրուկ սրվեցին Ուկրաինայի պատերազմի ֆոնին: Պրիգոժինը պարբերաբար ուղիղ եթերում քննադատում էր Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը անարդյունավետ քայլերի, մեծ կորուստների համար: Կրքերը կիզակետին հասան ուղիղ երկու ամիս առաջ. «Վագների» առաջնորդը հայտարարեց դեպի Մոսկվա «արդարության երթի» մասին՝ «պատժելու մեղավորներին»: Ապստամբության փորձը, սակայն, ընդամենը մի քանի ժամ տևեց:
Այդուհանդերձ, այդ իրադարձությունները գնահատվեցին որպես Պուտինի ամենամեծ մարտահրավերը երկրի կառավարման ավելի քան երկու տասնամյակի ընթացքում: «Վագների» ստորաբաժանումները դադարեցրին իրենց առաջխաղացումը Բելառուսի նախագահի միջնորդությամբ բանակցությունների արդյունքում: Ու չնայած ապստամբության արյունալի դրվագներին, այդ թվում՝ ավելի քան մեկ տասնյակ զոհերին, Պրիգոժինը չձերբակալվեց, նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվեց, «Վագների» վարձկաններն էլ տեղափոխվեցին Բելառուս:
Ռուսաստանյան աղբյուրները պնդում էին, որ վերջին երկու ամսում Պրիգոժինն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր Ռուսաստանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել, որի «ուղևորների թվում Եվգենի Պրիգոժին անունով քաղաքացի է եղել» (թարմացված)