Որևէ որոշում չի կայացվել, «Արմենպրեսի» հարցին ի պատասխան, ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկն ընդունելու որոշում է կայացրել։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ Հարությունյանը օգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:
«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ», - նշել է Ավանեսյանը։
Հայկական մամուլը գրել էր, որ Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի երեկվա նիստում տեղեկացրել է, թե Աղդամի ճանապարհով առևտուր անելու որոշում է կայացվել։ Ըստ հրապարակումների՝ Աղդամով կմտնեն շինանյութ, դիզելային վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն արցախահայերին «օգնություն է առաջարկում Աղդամով» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սոված կմեռնենք, Աղդամից հաց չենք վերցնի», ասում է արցախցի բազմազավակ ընտանիքի հայրը