Նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Միհրան Պողոսյանի նկատմամբ

Նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նկատմամբ։

Ըստ դատախազության՝ Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Դատախազությունը որոշ մանրամանսեր է ներկայացրել, մասնավորապես, նաև նշելով, որ Պողոսյանը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վստահված անձանց միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ», «Բեսթ ռեալթի», «Կեչառիս հոթել» և «Ֆրուտիմեքս» ընկերությունների կառավարմանը՝ ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելու հետ:

2023-ի մայիսի 17-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց մեկ տոննա կոկաինի ներմուծումը բացահայտելու մասին։ Այդ հայտարարությունից երկու շաբաթ անց ԱԱԾ-ն հետախուզում հայտարարեց Միհրան Պողոսյանի նկատմամբ։ Տարիներ առաջ օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված Միհրան Պողոսյանը հետախուզվում է դեռ 2019-ից՝ կոռուպցիոն հանցագործությունների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թմրամիջոցի մաքսանենգության գործով հետախուզում է հայտարարվել Միհրան Պողոսյանի նկատմամբ