Մատչելիության հղումներ

Նյութեր են նախապատրաստվում՝ Միհրան Պողոսյանի կողմից կեղծ տեղեկանք ներկայացնելու առնչությամբ. փոխոստիկանապետ


Նյութեր են նախապատրաստվում՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից կեղծ տեղեկանք ներկայացնելու առնչությամբ. լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Պաշտոնական տվյալներով՝ պետությանը շուրջ 1,5 միլիոն դոլարի վնաս հասցրած և շուրջ 2 տարի հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանն ընտրություններին կմասնակցի «Պատիվ ունեմ» դաշինքով՝ ցուցակի 11-րդ տեղում է, ԿԸՀ-ն արդեն գրանցել է նրան որպես պատգամավորի թեկնածու։

Որպեսզի ԴԱՀԿ նախկին պետը ոստիկանությունից ստանար վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի համարվելու և վերջին 4 տարում Հայաստանում բնակվելու մասին անհրաժեշտ տեղեկանք, տարիներ առաջ Պանամայի օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված Պողոսյանի լիազոր ներկայացուցիչը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է տարել դիմում, ըստ որի նախկին պաշտոնյան որոշ ժամանակ սովորել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանում։ Ոստիկանությունը մերժել է դիմումը, հիմնավորելով, որ տեղեկանքում նշված ժամանակահատվածը չի բավարարել, որպեսզի վերջինիս տրամադրվի վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանք։ Մեկ օր անց նոր տեղեկանք է ներկայացվել՝ կրկին Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից, որով հավաստվել է, որ Պողոսյանը նույն համալսարանում նաև նախապատրաստական կուրսեր է անցել։ Երկրորդ դիմումի պատասխանը դեռ չստացած՝ Պողոսյանի ներկայացուցիչը դիմել է դատարան, հայցը բավարարվել է։

«Դատարանը պարտավորեցրել էր անձնագերերի և վիզաների վարչությանը տրամադրելու տեղեկանք, իսկ դատարանի կայացրած որոշումը վարչությունը չէր կարող չկատարել: Ներկայումս այդ փաստով, ինչպես նշեցի, ստուգումներ են իրականացվում և նախապատրաստում են նյութեր, ընդամենը երկու օր առաջվա դեպք է», - ասաց Ֆիդանյանը:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք կրկին հարցում են ուղարկել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ. «Ներկայացվել է նոր տեղեկանք, որ Միհրան Պողոսյանն ուսանել է Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտում, կրկին նախապատրաստական կուրսում, այս երրորդ տեղեկանքի իսկությունը պարզելու նպատակով հարցում ենք կատարել»:

«Եթե պարզվի, որ այդ փաստաթուղթն էլ է կեղծ, որո՞նք կլինեն ոստիկանության հետագա քայլերը», - հետաքրքրվեցինք Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետից։ Ասաց՝ գուշակություններ չեն անելու, բայց, եթե լինի այդպես, ապա կշարժվեն հստակ ընթացակարգով. «Բնականաբար, իրականացվելու է վարչարարություն, որպեսզի նրա գրանցումը որպես պատգամավորի թեկնածու անվավեր ճանաչվի»:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանի խոսքով՝ փաստաթղթերից մեկը կեղծ է եղել: «Փաստորեն, դատարանի որոշման հիմքում դրված են եղել այս երկու տեղեկանքները։ Մայիսի 26-ին Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից ստացել ենք պատասխան և պարզվել է, որ այդ ներկայացուցչի կողմից ներկայացված 2-րդ տեղեկանքը չի տրվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից», - ասաց Մկրտչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած որոշման հիմքում ընկած փաստաթուղթը ստուգման ենթարկելու լիազորություն չունեն։ Հետևաբար, ըստ նրա՝ Միհրան Պողոսյանին որպես պատգամավորի թեկնածու գրանցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացված են եղել, փաստաթղթերում առկա խնդիրներն էլ նշված ժամկետում շտկվել են։

Կարո՞ղ է արդյոք հետախուզման մեջ գտնվող անձը մասնակցել ընտրություններին, Մուկուչյանն ասաց՝ Ընտրական օրենսգիրքը դա չի արգելում, ավելին՝ ըստ օրենքի, նա կարող է մասնակցել ընտրություններին անգամ Հայաստան չգալով։

Հարցին՝ եթե ոստիկանությունը պարզի, որ ԿԸՀ ներկայացրած ու դատարանի կողմից օրինական համարված փաստաթուղթը ևս կեղծ է, ապա ԿԸՀ-ն ի՞նչ ընթացակարգով կգնա, Մուկուչյանը պատասխանեց. «Եթե որևէ թեկնածուի պարագայում ի հայտ են գալիս նմանատիպ խնդիրներ, նա կարող է գրանցումը դարձնել քննարկման առարկա և բավարար հիմքերի դեպքում ուժը կորցրած ճանաչել գրանցումը»:

«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն ուժի մեջ է, քրեական գործը նախաքննության փուլում է», -փոխանցեցին ՀՔԾ-ից։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է՝ գործող իշխանության անգործության հետևանքն է թե՛ դատարանի որոշումը և թե՛ ըստ մեղադրանքի, երկրին 1.5 մլն դոլարի վնաս հասցրած ԴԱՀԿ նախկին պետին ԿԸՀ-ի կողմից որպես թեկնածու գրանցելը։

«Միհրան Պողոսյանի նմանների մասնակցությունը ցուցակներում հնարավորություն է տալու հին վատագույն ավանդույթները վերակենդանացնելու, նորից գործարկելու, նորից կիրառելու, հատկապես, որ այդ մեթոդները փորձված են, կադրերը նույն տեղերում աշխատում են, այդ ամբողջ համակարգը աշխատել է շվեյցարական ժամացույցի նման, մի ձեռքի կտտոցով սկսելու է աշխատել այդ համակարգը», - ասաց իրավապաշտպանը:

Ըստ Կարապետյանցի՝ նախկին իշխանությունների օրոք մականունավոր հայտնի դեմքերն ընտրացուցակներում ընդգրկվելու նպատակը ձայներ ապահովելն է:

«Պատիվ ունեմ» դաշինքից արձագանքեց հանրային կապերի և մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանը. «Այս պահին իրավական գործընթացը հանգուցալուծվել է նրանով, որ Միհրան Պողոսյանի տեղեկանքն ընդունվել է ի գիտություն, և նա շարունակում է մնալ մեր ցուցակի 11-րդ համարում: Թե ինչպե՞ս կմասնակցի քարոզարշավին, դա արդեն տեխնոլոգիական ոլորտը հնարավորություններ տալիս է: Իսկ թե իրավական ի:նչ գործընթացներ կմեկնարկեն, կապրենք կտեսնենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG