Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ հրաժարական կտա, սակայն չի արել

Արխիվ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեղադրել է նախագահ Արայիկ Հարությունյանին ստախոսության մեջ՝ ասելով, որ նա ասել է՝ հրաժարական է ներկայացնելու պաշտոնից, սակայն չի արել։

«Շաբաթվա սկզբում Դուք ասում էիք, որ հրաժարական եք տալու, ու Ձեզ պետք չի համոզել, որովհետև որոշումն արդեն կայացրել եք, ու դա առաջին անգամ չէ։ 8 հոգուց, որ ներկա էին այդ հանդիպմանը, մի մասն արդեն չէր հավատում ձեր խոսքին: Մի մասն էլ ասում էր՝ գուցե այս անգամ ճի՞շտ է ասում»,- Արցախի վերակառուցվող Հակոբավանքից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Վարդանյանը։

Նա չմանրամասնեց, թե ինչ ֆորմատով հանդիպման մասին է խոսքը, ինչու է Արայիկ Հարությունյանը նման բան հայտարարել և նախկինում երբ է նման խոստում տվել։

Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ նախկինում էլ լուրեր են եղել, դրանց առայժմ ոչինչ չի հետևել։ Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախագահ Արամ Հարությունյանը օրերս «Ազատությանն» ասել էր, որ Արցախի նախագահը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, նա խորհրդարանի իր թիմակիցների հետ վերահաստատել է չհեռանալու որոշումը։

Ըստ նախկին պաշտոնյայի՝ Արցախի նախագահը խոսել է նաև իր ուղղությամբ եղած ճնշման մասին։ Սակայն, Վարդանյանը նշեց՝ Արայիկ Հարությունյանի խոսքերն արդեն ցավալիորեն հավատ չեն ներշնչում։

«Վերջին շաբաթվա ընթացքում անցաք կարմիր գիծը, որ կար ազգի հետ, և ի՞նչ արեց աշխարհազորը, որ մտավ ուժով Ազգային ժողով, ես չգիտեմ, Դուք եք հրամայել եք, ուղեկցել, տեղյակ եք եղել, թե Ձեր տեղակալներն են տեղյակ եղել ու ասել են՝ դա անեն, թե իրենք տենց են գուշակել անել այն, ինչ որ պետք է անեն, դա մեկ է՝ անընդունելի է, որովհետև Դուք քանդում եք պետական ինստիտուտները», - հայտարարեց նախկին պետնախարարը։

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էր տեղեկացրել, որ չորեքշաբթի Արցախի խորհրդարան են մտել աշխարհազորի մի խումբ մարտիկներ՝ գլխավոր հարցով՝ այդ ո՞վ է այստեղ պահանջում Հարությունյանի հրաժարականը։

Արցախի նախագահականն էլ փոխանցել էր, որ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։
«Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։