Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին երեկ ասել է, որ Սպիտակ տունը շարունակում է ջանքերը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին հասնելու խաղաղության դիվանագիտական ճանապարհով։
«Մենք որոշակի աստիճանի վրա պահպանում ենք երկխոսություն ու դիվանագիտություն տարբեր մակարդակներով՝ Ազգային անվտանգության խորհրդից մինչև Պետդեպարտամենտ։ Նկատի ունեմ, որ մենք կանոնավոր աշխատում ենք՝ հասնելու լավագույն արդյունքին դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Քըրբին՝ պատասխանելով «Թուրան» գործակալության հարցին։
Նա նաև ընդգծել է Վաշինգտոնի խորը մտահոգությունը Լաչինի միջանցքի հարցում։ «Մենք ցանկանում ենք, որ այդ միջանցքը նորից բացվի, Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում շուտափույթ վերականգնել այդ միջանցքով ազատ տարանցումը առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների համար»,- ընդգծել է Քըրբին։
Ճեպազրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ը խորապես մտահոգված է մնում Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը համակարծիք է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի