Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումն ամփոփելով «կարող ենք արձանագրել հետևյալը՝ առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը», այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետը:
«Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը անընդհատ և շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
«Երկրորդ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումը հաստատեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ», - շարունակեց վարչապետը:
«Երրորդ՝ ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից չի կատարվել», - ասաց Փաշինյանը:
«Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է:
Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը համակարծիք է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվիՄիրզոյան. Ցեղասպանության կանխումը ՄԱԿ-ի և ԱԽ-ի հիմնական պարտականությունն է
Առավել մանրամասն տե՛ս այստեղ