Միջազգային մամուլը՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ու ՄԱԿ-ում կայանալիք քննարկման մասին

«Լեռնային Ղարաբաղի պաշարման վճռական ժամերին Հայաստանը խնդրում է ՄԱԿ-ի միջամտությունը», «Հայաստանն ու Ադրբեջանը՝ նոր լարվածության շեմին»․ սրանք են արևմտյան լրատվամիջոցների վերնագրերը՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ու ՄԱԿ-ում այսօր կայանալիք քննարկման մասին։

«Ռոյթերզը» զրուցել է Ղարաբաղի բնակիչների ու Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ, ով կրկին պնդել է՝ Լաչինի միջանցքը պիտի բացվի, հակառակ դեպքում Ղարաբաղի հայերին ցեղասպանություն է սպառնում։

«Եվրամիության անդամները, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը պարտավորություն ունեն կանխել ցեղասպանությունը, դա է հիմնական հարցը։ Մենք պետք է բացենք այս միջանցքը ոչ թե բանակցային գործընթացի պատճառով, այլ որովհետև սա ցեղասպանություն է։ Եվ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը չպետք է ընկրկեն Ադրբեջանի նախագահի առաջ։ Իլհամ Ալիևը պետք է հասկանա, որ չի կարող ցեղասպանություն գործել՝ բանակցություններ պարտադրելու համար», - ասել է Օկամպոն, որի կարծիքը Բաքուն անհիմն է որակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է 120 հազար հայերի ցեղասպանությունը․ Օկամպո

Ադրբեջանցի փորձագետ Ֆարհատ Մամադովը «Ռոյթերզ»-ի հետ զրույցում մի կողմ է դրել հումանիտար ճգնաժամն ու կրկին կենտրոնացել մեղադրանքների վրա։ Ադրբեջանի նախագահականի կողմից ֆինանսավորվող կենտրոնի ղեկավարը պնդել է՝ հայերն այդ ճանապարհով ապօրինի զենք-զինամթերք էին տեղափոխում ու նաև՝ Բաքվի համար անցանկալի անձանց։

«Ռուբեն Վարդանյանը Ղարաբաղ է գնացել այդ ճանապարհով, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչներ ու սադրիչներ, հատկապես՝ ֆրանսիացիները։ Մադամ Վալերի Պեկրեսը, օրինակ, Լաչինի ճանապարհով էր Ղարաբաղ հասել»,-ասել է նա։

«Ֆայնեշլ թայմս»-ը զրուցել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էմին Սուլեյմանովի հետ, ով պնդել է, թե Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ընդհանրապես չկա:

«Ադրբեջանը ուզում է հասնել նրան, որ Ղարաբաղի ժողովուրդը լիովին ինտեգրվի․ նրանք մեր քաղաքացիներն են, և շուտով կունենան մեր անձնագրերը։ Սա է տևական խաղաղության հասնելու միակ ճանապարհը», - ասել է ադրբեջանցի դիվանագետը։

«Եթե անգամ Երևանն ու Բաքուն առաջընթացի հասնեն խաղաղության պայմանագրի հարցում, դա կարող է հանգեցնել Ղարաբաղից մարդկանց զանգվածային տեղահանության», - «Ֆայնեշլ թայմս»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել եվրասիական տարածաշրջանի գծով փորձագետ Մաքսիմիլիան Հեսսը՝ հավելելով «վերջին զարգացումները մեծացնում են կասկածը, Ղարաբաղում այևս հայեր չեն ապրի, քանի որ նրանք իրենց անվտանգ չեն զգա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Երևանը պետք է ընտրի վատթարագույնի և ընդունելիի միջև»

Ադրբեջանի հետ դաժան պատերազմից երեք տարի անց Հայաստանն ահազանգում է՝ տասնյակ հազարավոր մարդիկ կանգնած են սովամահության վտանգի առաջ, գրել է Politico-ն։ Ամերիկյան պարբերականը միաժամանակ մեջբերել է Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունը, թե Հայաստանը փորձում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այսօր կայանալիք քննարկումն օգտագործել քաղաքական, ռազմական ու քարոզչական արշավների նպատակներով։

«Ղարաբաղի բնակչությունը կարող է սնունդ ստանալ ուղիղ Ադրբեջանից», - փոխանցել է պաշտոնական Բաքուն։

Politico-ն, իր հերթին, նկատում է, որ այս առաջարկը Ղարաբաղի իշխանությունների համար հավասարազոր է կապիտուլյացիայի։

BBC-ին, իր հերթին Ադրբեջանի նախագահի ու նրա աջակիցների հայտարարություններն է մեջբերում, թե Ղարաբաղի հայերը պետք է Ադրբեջանի անձնագրեր ստանան, այդ դեպքում կունենան միևնույն իրավունքները, որոնցից օգտվում են երկրի մյուս քաղաքացիները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության պայմանագրի համար Հայաստանը պետք է ստորագրի, որ ճանաչում է ԼՂ և ութ անկլավները Ադրբեջանի կազմում». Ալիև

«Այս պնդումը շատերն են թերահավատորեն ընդունում, փաստելով, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությունը մեղմ ասած, լավ վիճակում չէ, իսկ եթե հաշվի առնենք նաև դպրոցներում հայերի նկատմամբ սնուցվող ատելությունը՝ մեծ հարց է՝ ինչպես ադրբեջանցիները կվերաբերեն հայերին, եթե նրանք համաքաղաքացի դառնան», - ընդգծում է BBC-ին։

Նման իրավիճակներում մեծանում է ռազմական բախման հնարավորությունը, գրում է ռուսական «Իզվեստիա»-ն, պնդելով, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մտել են փակուղի։

«Ամենավիճահարույցը Ղարաբաղի հայերի կարգավիճակի ու իրավոuնքների հարցն էր, բայց կողմերը որևէ համաձայնության չեն եկել նաև անկլավների ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում։ Չի բացառվում, որ մոտակա ժամանակներում բռնության աճ արձանագրվի, հնարավոր են փոխհրաձգություններ սահմանին, սովամահության դեպքեր Ղարաբաղում», - «Իզվեստիա»-ին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի կովկասյան հարցերով բաժնի պետ Վլադիմիր Նովիկովը, հավելելով՝ չի բացառվում, որ Բաքուն որոշի ուժով ստիպել Ղարաբաղին գնալ ինտեգրման։