Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստում քննարկելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման հարցը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը նախատեսվում է օրվա երկրորդ կեսին։
Հայաստանի դիմումի հիման վրա կայանալիք հրատապ նիստն ընթանալու է բաց ռեժիմով, դրան մասնակցելու են Անվտանգության խորհրդի 15՝ 5 մշտական և 10 ընտրված անդամները։ Այս ամիս Անվտանգության խորհուրդը նախագահում է ԱՄՆ-ը։
Պաշտոնական Երևանը Անվտանգության խորհրդին ուղղված իր դիմումում կոչ էր արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու Անվտանգության խորհուրդը «կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով պաշտոնական Երևանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽՔաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանն «Ազատության» հետ զրույցում նշում է՝ նվազագույնը, որ պետք է ակնկալել հրատապ նիստից, այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փաստահավաք առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակն արձանագրելու համար։ Քանի որ, ըստ Քոչինյանի, պարզ է՝ Ադրբեջանը կրկին պնդելու է, թե շրջափակում չկա և ամեն ինչ նորմալ է։
«Այսինքն, նվազագույնը, ինչ մենք պետք է ակնկալենք և որ ուղղությամբ որ պետք է որ տնային աշխատանքը մինչ այս տարված լիներ, դա այդ փաստահավաք առաքելության ուղարկման մասին բանաձևն է: Իսկ առավելագույնը, բնականաբար, դա բանաձևն է, որը որ կպարտադրի Ադրբեջանին բացելու Լաչինի միջանցքը, դադարեցնելու Արցախի շրջափակումը», - ասաց մեկնաբանը:
Երկու պարագայում էլ, ընդգծեց Քոչինյանը, «մի ահռելի մասը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք նախապատրաստվել, ինչ տնային աշխատանք ենք մենք արել»: «Ընդ որում՝ ինչպես ենք նախապատրաստվել ինչպես Խորհրդի մշտական անդամների հետ՝ այդ մեծ հնգյակի, այնպես էլ ժամանակավոր անդամների հետ, որովհետև կարող է լինել իրավիճակ, որ հնգյակից և ոչ մեկը վետո չդնի, բայց փոքր պետությունները մեծամասնությամբ դեմ քվեարկեն», - նշեց քաղաքական մեկնաբանը՝ ամփոփելով. - «Այսինքն, ամբողջ հիմա հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս է պատրաստվել Հայաստանը այս դիմումից առաջ»:
Անձամբ իր ակնկալիքների մասին հարցին՝ «հնարավո՞ր է իսկապես իրավիճակ փոխող արդյունք ունենանք», Արեգ Քոչինյանն արձագանքեց. - «Ես, ճիշտն ասած, չեմ հավատում մեկ օրում կամ մեկ ժամում իրավիճակ փոխող նախաձեռնությունների, զարգացումների, բայց սա կարող է դառնալ կարևոր հանգրվան իրավիճակի փոփոխման ճանապարհին: Եթե, կրկնում եմ, տնային աշխատանքը լավ է արվել»:
Պարզ չէ՝ արդյո՞ք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լաչինի միջանցքի բացման հարցով հենց այսօր որոշում կկայացնի։ Ըստ ընթացակարգի պարտադիր չէ, որ ընդունվելիք հայտարարությունը կամ բանաձևը հրապարակվի հենց հարցի քննարկման օրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ի՞նչ ակնկալել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում վաղվա նիստումԲաքվում կարծում են՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ադրբեջանի դեմ փաստաթուղթ չի ընդունվի Վիճակը օրհասական է, ՄԱԿ-ի ԱԽ-ից ակնկալում ենք բանաձև. Արցախի ՄԻՊՄԱԿ ԱԽ-ը վաղը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի հարցով