Ադրբեջանի կառավարության գործողություններն ապացուցել են միայն, որ Ադրբեջանը նպատակ չի դնում ստեղծել Լեռնային Ղարաբաղի հայության համար նորմալ դեմոկրատական միջավայր, ապրելու պայմաններ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Արցախի արձագանքը Աղդամի ճանապարհի առաջարկին, որի վերաբերյալ հոդված էր հրապարակել ռուսական "Коммерсантъ" պարբերականը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինի անխափան աշխատանքից հետո միայն կարող են քննարկել այլընտրանքային տարբերակներ. Ստեփանակերտից արձագանքում են «Կոմերսանտ»-ի հրապարակմանը«Ի՞նչ է նշանակում Աղդամով ինչ-որ օգնություն ստանալը: Նախ՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ օգնությունը իր հետ չի բերում պայմաններ: Հետո՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության և ժողովրդի, մի կողմից, և Ադրբեջանի կառավարության և ժողովրդի միջև ոչ մի վստահություն չկա, հակառակը՝ տարիներ շարունակ թշնամություն է եղել», - նշեց Զուրաբյանը:
«Հետևաբար, ո՞նց կարող են նրանք [արցախցիները] վստահել Աղդամի միջոցով, այն էլ՝ Ադրբեջանի ուղարկած օգնությանը: Օրինակի համար՝ իսկ ի՞նչ երաշխիք կա, որ դա թունավորված օգնություն չի լինի», - ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը՝ շարունակելով. - «Արդեն մենակ այն, որ Վագիֆ Խաչատրյան ձերբակալեցին՝ մեղադրելով ինչ-որ ժամանակին կատարված հանցագործությունների համար... կներեք, նրանք կարող են ամբողջ Լեռնային Ղարաբաղի հայությանը մեղադրել կատարված հանցագործությունների համար, այսինքն՝ ինտեգրեն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը նրանց բանտային համակարգին: Լեռնային Ղարաբաղը պիտի համաձայնի հումանիտար օգնություն ստանալ և զուգահեռ հայտնվել Ադրբեջանի բանտային համակարգի մե՞ջ՝ սա աբսուրդ է»:
«Իսկապես, Ադրբեջանի կառավարության գործողությունները ցույց չեն տալիս, որ մենք գործ ունենք իսկապես մի հաղթող պետության հետ, որը, այնուամենայնիվ, պիտի այդ հաղթանակի պայմաններում մի քիչ էլ մեծահոգի լիներ: Աս գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է ցեղասպանությունը, էթնիկ զտումը, հայ բնակչության վտարումը իրենց մտածած այդ Ադրբեջանի միջազգային տարածքից: Այդ առումով՝ ադեկվատ է Լեռնային Ղարաբաղի ռեակցիան», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն և Անկարան զգուշացնում են Երևանին՝ «չդիմել ռազմական արկածախնդրության կամ սադրանքների»