«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին, ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ըստ Տոնոյանի՝ բաց և բարդ քննարկումներ են եղել կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ, արդյունքում ի վերջո որոշվել է, որ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու առաջիկա ընտրություններին։
«Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ. կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։ Եվ այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ», - գրել է Տոնոյանը։
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին՝ համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։ Քաղաքական ուժերը մինչև օգոստոսի 13 -ը ժամանակ ունեն փաստաթղթեր ներկայացնելու։ ԿԸՀ-ն երեկ արդեն մասնակցության առաջին դիմումն է ստացել։ Ընտրությունների քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23 -ին, կտևի 24 օր։
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են գրեթե մեկ տասնյակ քաղաքական ուժեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԸՀ նախագահը պնդում է՝ կասկածները, թե թափանցիկ ընտրություններ անցկացնել չի կարողանա, անհիմն են