Նաիրա Սարգսյանը 6 տարի է՝ բնակվում է Երևանի կենտրոնում՝ Բուզանդ 13 հասցեում։ Չգիտի՝ կողքի բարձրահարկի տանիքում բացօթյա սրճարան է, թե դիսկոտեկ, բայց բարձր երաժշտությունն ու գունավոր լույսերն իր ննջարանից դուրս չեն գալիս։ Տեսարանն, ասում է, ամեն տարի ամռանը պարբերաբար կրկնվում է։ Մուգ վարագույրն ու ձայնամեկուսիչ պատուհաններն էլ չեն փրկում։
Ոստիկանություն են զանգահարել, բայց քանի որ լռության ժամը 23։00-ից է սկսվում, իրավունք չեն ունեցել բացօթյա այդ սրճարանում միջոցառումն արգելել, միայն հորդորել են երաժշտության ձայնն իջեցնել։ Ժամեր անց, սակայն, նույնը կրկնվել է։
Սա շաբաթներ առաջ էր. Նաիրայի ամուսինն էլ Ֆեյսբուքում էր ահազանգել՝ ոչ մի բան հնարավոր չէ՞ անել սրա դեմ։ Կինն էլ ասում է՝ իր անչափահաս երեխաները ժամը 22։00-ին են քնում, լարվում են, վախենում ձայներից, քնիչց վեր թռչում. - «Փակ լուսամուտներից այնպես էր լսվում այդ երաժշտությունը, որ իմ երեխան՝ երկու տարեկան, սկսեց լացել»։
Փաստորեն, եթե լռության ժամ չէ, այսինքն՝ 23։00-ն անց չէ, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ քաղաքապետարանն իրավասու չեն տնտեսվարողին արգելել միջոցառումը։ Բայց, առողջապահության նախարարի դեռ 2002-ից գործող հրամանով անգամ եթե լռության ժամ չէ, դրսից տուն ներթափանցող ձայնի ուժգնությունը պետք է ցերեկը չանցնի 40-55 դեցիբելը, գիշերը՝ 30-45-ը։
Աղմուկի մակարդակը դեցիբելներով չափելու համար Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դիմում է լիցենզավորված ընկերությանը։ Տեսուչները միջոցառումների վայրում երաժշտության ձայնը բարձրացնում են մինչև վերջ ու չափում. եթե ուժգնությունն անցնում է 40 դեցիբելը, տուգանում են։
«Չափում են աղմուկի մակարդակն ինչպես նորմալ, այդ պահին հնչեցված երաժշտության ժամանակ, այնպես էլ առավելագույն բարձրացված։ Երբ որ գերազանցում է նորմը, արդեն դա խախտում է համարվում։ Ինժեներներն են բարձրացնում, չափողներն են բարձրացնում, ուրեմն պիտի դինամիկները փոխեն», - ասաց նա։
Տուգանքն առաջին անգամ կազմում է 40-120 հազար, երկրորդ անգամ՝ 80-100 հազար դրամ։ Եթե ողջ նախորդ տարվա ընթացքում տեսչական մարմինը 28 դեպքով է վարչական վարույթ հարուցել, ապա այս տարվա միայն օգոստոսի 1-ին այդ թիվն արդեն 60-ի է հասնում։
Մարդիկ ավելի շատ շինարարական աղմուկից են բողոքում, ասում է տեսչական մարմնի ներկայացուցիչը։ Տեսչական մարմինը կարող է անվերջ տուգանել կամ էլ առաջարկով դիմել տվյալ գործունեության համար լիցենզիա տրամադրած մարմնին՝ դրանից զրկելու համար։ Իսկ ինչո՞ւ է քաղաքապետարանը թույլ տալիս, որ խիտ բնակեցված տարածքներում աղմկոտ օբյեկտներ գործեն, օրինակ՝ բնակելի շենքի տանիքին, «Ազատությունը» հարցրեց Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին։
«Մենք բացօթյա սրճարանի թույլտվություն չենք տալիս տանիքում շենքի։ Եթե ինքը բերում է վկայական, քաղաքացին, տնտեսվարողը սեփականության իրավունքի վկայական, որում նշված է, որ տվյալ տարածքը հանդիսանում է հասարակական նշանակության տարածք, հետևաբար մենք չենք կարող մերժել թույլտվության տրամադրումը, բայց հաշվի ենք առնում մեր քաղաքացիների դժգոհություններով, և այդ բողոքների հետքերով գնալով արդեն ներգործության միջոցներ ենք կիրառում։ Մենք իրավունք չունենք մերժել, ասենք, շենքի տանիքում է, կամ նույն հաջողությամբ շենքի առաջին հարկում», - պատասխանեց նա։
Քաղաքապետարանն էլ կարող է տուգանել, բայց կրկին եթե լռության ժամից հետո են մարդկանց հանգիստը խանգարում։
Տանը նստած, կողքի շենքի տանիքի խնջույքի ձայնից խլացող Նաիրան համատիրության ղեկավարից է տեղեկացել՝ տեսչական մարմինը չափել ու խախտում չի արձանագրել։ Ինչո՞ւ է տեսչականը ահազանգի հետքերով գնալիս աղմկողին զգուշացնում։ Տեսչականից ասացին՝ նաև այդ կետը փոխելու առաջարկով պարբերաբեր դիմում են պատկան մարմիններին։
Քաղաքապետարանի պաշտոնյան ինքն էլ որպես բնակիչ բախվել է այդ խնդրին, իրենց բակի ռեստորանից էլ է հաճախ բարձր երաժշտություն հնչել. - «Ինքս ականատես եմ եղել, որ տնտեսվարողը երաժշտությունն այնպես է միացնում, որ մեր տանն այլևս չի լսվում այդ երաժշտությունը։ Տեսչական մարմինը չափումն իրականացնում է, պարզվում է, որ ամեն ինչ համապատասխանում է նորմաներին, իսկ տեսչական մարմնի գնալուց հետո տնտեսվարողն ավելի լկտի վարքագիծ է դրսևորում և ավելի բարձր է միացնում։
Ինչքան էլ մենք ասենք, որ օրենքի պահանջն է, պետք է հակառակ կողմին զգուշացնել, արդյունավետությունը շատ ցածր է»։
Փաստորեն առնվազն երեք կառույց է զբաղվում աղմկոտ Երևանը լուռ պահելու գործով՝ տեսչական մարմին, քաղաքապետարան ու ոստիկանություն։ Ֆեյսբուքյան մեր գրառմանն արձագանքած երևանցիների կարծիքով՝ անօգուտ է, չեն կարողանում, հատկապես երբ գիշեր կամ ցերեկ ավտոմեքենաներից է ականջ խլացնող երաժշտություն հնչում։
Գիշերային Երևանը հաճախ ցնցվում է նաև մեծ արագությամբ սլացող մեքենաների ձայնից, կամ ինչպես բնակիչներն են նկարագրում, «ճռռիկներից»։
Ոստիկանությունից ասում են՝ եթե այդ հատվածում պարեկների կարգախումբ է լինում, ապա արձագանքում են, եթե ոչ, տեսանյութերի, լուսանկարների կամ ճանապարհային տեսախցիկների արձանագրած տվյալներից օգտվելով՝ վարորդներին պատասխանատվության են ենթարկում։ Ոստիկանությունից հիշեցնում են՝ առանց թույլտվության, կարմիր,կամ կապույտ լուսային ազդանշան, առկայծող փարոսիկներ, կամ հատուկ ձայնային ազդանշանների սարքավորումներ տեղադրելը, օպերատիվ ծառայությունների մեքենաների համար նախատեսված գունագծապատկերներ օգտագործելը նույնպես արգելված է։ Միայն այս տարի վարչական նման իրավախախտման 395 դեպք է գրանցվել ոստիկանությունում։
«Ազատության» ֆեյսբուքյան մգրառմանն արձագանքած քաղաքացիներն ասում են՝ գործող կարգերը, նորմերը, դրանցով զբաղվող մարմինները չեն կարողանում խնդիրը լուծել, իսկ իրենք ուղղակի խելագարվում են աղմկոտ Երևանում։