ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Լեռնային Ղարաբաղում խանութները արտաքին մատակարարումներ չեն ունեցել 2022-ի դեկտեմբերի 12-ից, իսկ այս տարվա հունիսի 15-ից էլ Ադրբեջանն արգելափակել է դեպի ԼՂ հումանիտար բեռների, այդ թվում՝ մանկական սննդի և դեղորայքի մատակարարումները նաև ԿԽՄԿ-ի միջոցով։
Ադրբեջանի այս քայլը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի բացահայտ քաղաքականության համատեքստում դիտարկելուց բացի այլ բացատրություն չունի, ասաց գործադիրի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է 120 հազար հայերի ցեղասպանությունը․ ՕկամպոԸստ Փաշինյանի՝ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։
«Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը։
Շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է։ 120 հազար մարդ կանգնած է սովի վտանգի առաջ։ Հայաստանը հուլիսի 26-ին մոտ 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Օգնությունը դեռ տեղ չի հասել․ բեռնատարներն անցել են հայկական անցակետն ու արդեն երկու շաբաթ է կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի սկզբնամասում։
Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանը թույլ չի տալիս բեռների մուտքն Արցախ Լաչինի միջանցքով։ Բաքուն Երևանի՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու քայլը սադրանք է որակել, մեղադրելով, թե Երևանը առանց իր հետ համաձայնեցնելու ավտոշարասյուն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ սա «ոտնձգություն» է իր տարածքային ամբողջականության հանդեպ։ Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Բաքուն առաջարկում է Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։