ԿԸՀ-ն Երևանի ընտրությունների մասնակցության առաջին դիմումն ստացավ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության առաջին դիմումն է ստացել։ Այսօր փաստաթղթերն է ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը։ Նրանց քաղաքապետի թեկնածուն կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է, ու հանրությանն անծանոթ, 2021-ին հիմնադրված Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը, ցուցակը կգլխավորի քաղաքագետ, կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Թե բացի նրանից երևանցիներն էլ ում անունները սեպտեմբերի 17-ին կտեսնեն քվեաթերթիկներում, վերջնականապես պարզ կդառնա երեք օրից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 13-ն է։
«Առաջադրումներն ավանդույթի, սովորության կանոններում միշտ տեղի են ունենում նախավերջին, հիմնական մասը՝ վերջին օրը», - ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են գրեթե մեկ տասնյակ քաղաքական ուժեր։ Վերջին օրերին քաղաքապետի թեկնածուների ցանկը ևս երկուսով ավելացավ։ Նախ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ գլխավորելու է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։ Այս կուսակցությունը հանրությանը, ըստ էության, հայտնի չէ։ Նախկին քաղաքապետը դեռ չի հայտնել, թե ովքեր կլինեն իր թիմում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններինՆախօրեին էլ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից անկուսակցական Անդրանիկ Թևանյանը տեղեկացրեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատն ու մասնակցելու է ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։ Դաշինքի կազմում է նաև նախկին ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։
Դեռ մեկ տարի առաջ արդեն հայտնի էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը կգլխավորի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որն այս ընթացքում հաճախակի է երևում երևանյան տարբեր բակերում ու էկրաններին, մասնակցում է կառավարության նիստին ու քաղաքապետի պաշտոնակատարի փոխարեն ինքը վարում գործակարգավարական նիստերը։
Առաջադրվելու մասին հայտնել են նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը և այլք։
«Այդ ամբողջ տեղեկությունը վարչական ռեսուրսի կիրառման փաստ չի պարունակում»
Երևանի ավագանու ընտրությունները ԿԸՀ-ի ղեկավարումն անցած տարվա հոկտեմբերին ստանձնած Վահագն Հովակիմյանի համար առաջին խոշոր ընտրությունները կլինեն։ Իշխող խմբակցության նախկին պատգամավորը, որը երկար տարիներ աշխատել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթում, մինչև 2018-ի իրադարձությունները 4 տարի այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականն է եղել, այսօրվա ասուլիսում պնդեց՝ կասկածները, թե թափանցիկ ընտրություններ անցկացնել չի կարողանա, անհիմն են։
«Ես պիտի ասեմ՝ նախկին ԿԸՀ նախագահների, օրինակ, քաղաքական լինելու մասին, ես ուղղակի զերծ կմնամ, բայց նման պնդում անողները ուղղակի Հայաստանի Հանրապետության ԿԸՀ նախագահների գործունեությանը քաջածանոթ չեն։ Կապրենք, կտեսնենք, թե որքանով Վահագն Հովակիմյան ԿԸՀ նախագահը կարողացավ լավ ընտրություններ կազմակերպել», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ԿԸՀ նախագահի, Տիգրան Ավինյանի օգտին ընտրողների ցուցակագրումը վարչական ռեսուրսի չարաշահում չէՉնայած նախկին ՔՊ-ականի պնդումներին՝ ընտրություններին ընդառաջ արդեն իսկ մի աղմկահարույց պատմություն եղավ։ Շաբաթներ առաջ հետաքննություն իրականացրած լրագրողները պատմեցին, թե ինչպես են Սպիտակի քաղաքապետն ու փոխքաղաքապետն գյուղերի վարչական ղեկավարների հետ միասին ցուցակագրում Երևանում գրանցված, բայց մարզերում բնակվող ընտրողներին, որոնք խոստացել են իրենց ձայնն Ավինյանին տալ։
ԿԸՀ նախագահ Հովակիմյանը, սակայն, այս ամբողջ պատմության մեջ վարչական ռեսուրսի չարաշահման տարր չի տեսնում. - «Դա իմ անձնական կարծիքն է, որ այն, ինչ որ ներկայացված է ձայնագրությունում, այդ ամբողջ տեղեկությունը վարչական ռեսուրսի կիրառման փաստ չի պարունակում», - նշեց նա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս աղմկահարույց դեպքը չի էլ քննում, Հովակիմյանի խոսքով՝ եթե ԿԸՀ անդամներից մեկը հրապարակված ձայնագրությունում վարչական ռեսուրսի չարաշահում տեսներ, կուսումնասիրեին։
Իսկ հնարավոր չէ՞ր սեփական նախաձեռնությամբ քննություն սկսել՝ մարդկանց կասկածները փարատելու համար, Հովակիմյանն ասաց. - «Որ եթե չկա փաստ, ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի սկսի վարչական վարույթ անել, դա մյուս կողմից կարող է դիտվել հակաքարոզչություն այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ»։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին և կտևի 24 օր։ Խորհրդարանի ընդդիմադիր ուժերից Հայ հեղափոխական դաշնակցությունը արդեն հայտարարել է՝ չի մասնակցելու, Հանրապետականն առայժմ լռում է։