Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ետ կանգնել անցած տարի Պրահայում արած հայտարարությունից, որով Բաքուն և Երևանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ Ալմա-Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրի հիման վրա։
Օսկանյանի համոզմամբ՝ Լաչինի միջանցքի փակ լինելու և արցախահայերի սովամահության եզրին հայտնվելու հիմնական պատճառներից մեկը հենց այդ հայտարարությունն է. - «Փաշինյանը մեծ սխալ է արել, Փաշինյանը պետք է ընդունի այդ սխալը և ուղղի։ Այսօր նա հնարավորություն ունի ետ կանգնելու այդ հայտարարությունից, հենց ելնելով այսօրվա իրավիճակից՝ ինքը կարող է հստակ ասել, որ ես ինչ-որ բան եմ փորձել, բայց տեսնում եմ, որ մեր հակառակորդը դա չարաշահում է, ես ետ եմ կանգնում այդ հայտարարությունից, և այսօր ես դրա իրավունքն ունեմ»։
Նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ Պրահայի այդ հայտարարությունը լուրջ խոչընդոտ է դարձել, քանի որ ոչ ոք ոչինչ չի կարողանում անել միջանցքի ապաշրջափակման համար։ Այդ մասին, ըստ Օսկանյանի, խոսում է Ռուսաստանը, այդ մասին ոչ հրապարակային խոսում են Արևմուտքում։
«Ռուսաստանը դրա մասին արդեն բացահայտ է ասել։ Նրանք ասացին՝ Փաշինյանի պրահյան այդ հայտարարությունը, դրա տակ իր ստորագրությունը էապես փոխել է նոյեմբերի 9-ի հայտարարության ողջ էությունը, և այսօր Ռուսաստանը ոչ մի բան չի կարող անել, դա բացահայտ է ասում։ Արևմուտքը բացահայտ չի ասում, բայց կուլիսային հանդիպումների ժամանակ նույնն է ասում», - նշեց նա։
Առանց փակագծեր բացելու Վարդան Օսկանյանը պնդում է, թե արտերկրում շատ մարդիկ լուրջ աշխատանքեր են տանում՝ և' կառավարական, և' օրենսդիր մակարդակում, փորձում են բանակցությունների բովանդակությունը փոխել, բայց բախվում են նույն պատին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի իշխանությունից կոշտ են արձագանքում Ռուսաստանից հնչած վերջին հայտարարություններին«Նրանց պատասխանն այն է, որ Հայաստանի իշխանությունները, նրանք այս բոլորն ընդունել են, նրանք ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս, նրանք պատրաստ են Հայաստանի տարածքն էլ զիջել։ Դուք ի՞նչ եք ուզում մեզանից, մենք ո՞նց անենք, աշխատեք ձեր իշխանությունների հետ։ Հավատացեք, եթե այսօր Հայաստանի իշխանության դիքորոշման մեջ ինչ-որ փոփոխություն լինի, միջազգային հանրության վերաբերմունքը կտրուկ, էապես փոխվելու է», - վստահեցրեց նա։
«Փաշինյանը դեռ կարող է ետ կանգնել իր հայտարարությունից առանց պատերազմ հրահարելու»
Օսկանյանի համոզմամբ՝ Փաշինյանը դեռ կարող է ետ կանգնել իր հայտարարությունից առանց պատերազմ հրահարելու, մինչդեռ հենց այսօրվա իրավիճակն է մեծացնում պատերազմի հնարավորությունը, քանի որ, ըստ նախկին արտգործնախարարի՝ Փաշինյանը տվել է Ադրբեջանին բազմաթիվ խոստումներ, սակայն փաստաթուղթ այդպես էլ չի ստորագրվում. - «Եվ հավատացեք այստեղ միջնորդները ոչինչ չեն կարողանալու անել, որովհետև անընդհատ դու խոստացել ես մի բան քո հակառակորդին, որը չես անում։
Դրա համար ես վերջերս ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ, որ մենք այսօրվա բանակցությունների մոտեցումը փոխենք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ կարգավիճակ է առաջարկվել Արցախի համար բանակցությունների ընթացքում. Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան պլան
Օսկանյանը կրկին հորդորել է բանակցային օրակարգ բերել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ ունենալու հարցը
Վարդան Օսկանյանը կրկին հորդորել է բանակցային օրակարգ բերել Խորհրդային Միության շրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ ունենալու հարցը, ինչպես որ Բաքուն առաջ է մղում ադրբեջանական անկալվների խնդիրը. - «Հատկապես որ Ադրբեջանը անկլավների հարց է բերելու, և անկլավները, և այդ ինքնավար կարգավիճակը երկուսն էլ սովետական շրջանի ժառանգություն են, ո՞րն է խնդիրը, ես չեմ հասկանում, չկարողանալ այդ հարցը բերել օրակարգ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր վերջին ասուլիսում արձագանքելով Օսկանյանի այս մի կոչին, ասել էր, թե արդեն իսկ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքավար Մարզի եզրույթը արձանագրվել է. - «Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ պետք է շեշտել, որ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ։ Մինչև Վարդան Օսկանյանի հայտարարությունը, օրինակ, նույն Եվրամիության խորհրդի նախագահի հայտարարություններում, որոնք հաջորդել են իմ հանդիպումներին Ադրբեջանի նախագահի հետ, արձանագրվել է նախկին Ղարաբաղի Ինքնավար Մարզի այդ եզրույթը, և վերջին հանդիպման ընթացքում էլ է դա արձանագրվել»։
Փառուխի դեպքերը Պրահայի հանդիպումից առաջ էր. Վահագն Ալեքսանյան հակադարձում է
Արդյո՞ք պատրաստ է Փաշինյանը հրաժարավել պրահյան հայտարարությունից, ինչի մասին հորդորում է նախկին արտգործնախարարը։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Փաշինյանը արդեն անդրադարձել է Օսկանյանի հայտարարություներին, և ավելացնելու բան չունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օսկանյանը լիազորություն ստանալու դեպքում խոստանում է բեկում մտցնել բանակցային գործընթացում
Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ մանիպուլյացիա որակեց Օսկանյանի այն հայտարարությանը, թե Լաչինի միջանցքի փակ լինելու և արցախահայերի սովամահության եզրին հայտնվելու հիմնական պատճառներից մեկը հենց պրահյան հայտարարությունն է։ Ալեքսանյանը շեշտում է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը, որի հիման վրա Երևանն ու Բաքուն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ստորագրվել է շատ վաղուց և այն Հայաստանի օրենսդրության անբաժան մասն է տարիներ ի վեր։
«Ինչ վերաբերում է նրան, որ Պրահայի հանդիպումն է պատճառ, որ Ռուսաստանը կամ միջազգային այլ խաղացողներ ինչ-որ գործողություններ չեն անում, ուզում եմ հիշեցնել պարոն Օսկանյանին, որ Փառուխի դեպքերն, օրինակ, Պրահայի հանդիպումից առաջ էին, երբ ոչ մեկը ոչ մի հղում չէր արել Ալմա-Աթայի հռչակագրին։ Մենք, իհարկե, վստահաբար տեսանք, թե ինչ լավ հանգուցալուծվեցին Փառուխի դեպքերը պարոն Օսկանյանի բնորոշմամբ երևի», - նշեց իշխանական պատգամավորը։