Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունից կոշտ են արձագանքում Ռուսաստանից հնչած վերջին հայտարարություններին


Հայաստանի իշխանությունից կոշտ են արձագանքում Ռուսաստանից հնչած վերջին հայտարարություններին։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ Ռուսաստանը դարձել է Հայաստանի ամենաանվստահելի դաշնակիցը։ Լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ իրեն թույլ չի տալիս Ադրբեջանից պահանջել զորքերը հանել Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Երեկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մի շարք հայտարարություններ է արել, դրանց թվում, որ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված լուծումներն են, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը։

Արևմուտքը Հարավային Կովկաս է փորձում տեղափոխել Ուկրաինայի վրա փորձարկված առճակատման մեխանիզմները, Փաշինյան-Պուտին-Ալիև սպասվող բանակցություններից առաջ հայտարարել է Ուկրաինա ներխուժած Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ հաստատելով՝ Պուտինը հանդիպման է հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին։

Արդյոք Մարիա Զախարովայի հայտարարության մեջ սպառնալիք կա՞. իշխանական պատգամավորի խոսքով՝ դիվանագիտական էթիկայից հեռու բառապաշար էր. «Եթե Ռուսաստանը խնդիրներ ունի Արևմուտքի հետ, թող փորձի լուծել դրանք, բայց ոչ Հայաստանի տարածքում ու Հայաստանի հաշվին: Լինելով ռազմավարական դաշնակից՝ չի թույլ տալիս իրեն պահանջել Ադրբեջանից զորքերը հանել Հայաստանի սուվերեն տարածքից: Ես ուզում եմ հասկանալ, այս դեպքում Ռուսաստանը մեր ի՞նչն է, սա է խնդիրը: Մարիա Զախարովան փոխանակ ասի՝ եղբայրական հայ ժողովուրդը, թող եղբայրական ադրբեջանական ժողովրդից պահանջի զորքերը հանել Հայաստանից: Երբ որ նա դա կհայտարարի, մենք հետո կմտածենք՝ ինչպես վերաբերվել իր արտահայտություններին»:

Զախարովան չի անդրադարձել Մոսկվայից ու Ռուսաստանի առաջնորդած ՀԱՊԿ-ից այդպես էլ չստացված ռազմական օգնությանը, բայց պնդել է, թե «անհիմն են մեղադրանքները, իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի առջև ստանձնած անվտանգային պարտավորությունները»:

Անձամբ Խաչատրյանը կարծում է՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերանայման կարիք ունեն։ Ու մինչ Մոսկվայից պնդում են, թե ռազմատեխնիկական երկխոսություն է զարգանում, Հայաստանի ԱԺ պատգամավորն ասում է՝ ռազմական համագործակցությունը հարցականի տակ է։ Իշխանությունից են հայտարարել՝ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից Հայաստան զենք չի մտել։

«Ռազմական համագործակցությունը մեզ ավելի շատ կաշկանդում է, քան ուժեղացնում է, մենք պետք է դրա մասին լուրջ մտածենք», - ասաց նա:

«Իշխանության վարած քաղաքականությունը Հայաստանի համար վտանգավոր է», - արձագանքելով Ռուսաստանից հնչող հայտարարություններին՝ ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը պոլիգոնի վերածելու բավականին մեծ վտանգներ են ստեղծել: Ցավոք, միջազգային դերակատարների այս ազդեցությամբ պայքարը շատ դեպքերում լինում է հենց Հայաստանի Հանրապետության հաշվին», - նշեց Աբրահամյանը:

Փաշինյան-Պուտին-Ալիև Ռուսաստանում սպասվող բանակցություններից առաջ վարչապետի մեկ այլ թիմակից էլ՝ պաշտպանության հանձնաժողովից Գագիկ Մելքոնյանը հայտարարում է՝ ոչ մի լավ սպասում չունի դրանցից։ Ասաց՝ Արևմուտքից ճնշում չի տեսել, իսկ Ռուսաստանը, կարծում է, պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Չնայած պաշտոնական հայտարարություններին՝ նաև կասկածում էր, որ կլինի ընդհանրապես այդ հանդիպումը, եթե լինելու էր, երկու շաբաթ առաջ Աստանայում կլիներ, հիմնավորեց. «Ռուսաստանի թագավորը, եթե ուզենար հանդիպում կազմակերպել, այնտեղ կկազմակերպեր, բայց չուզեց: Դե հիմա է ուզում, երբ որ պաշտոնական կհրավիրի, այն ժամանակ կտեսնենք ինչ է լինում»:

«Ազատության» հարցի՝ ինչո՞ւ լավ սպասում չունի, Մելքոնյանը պատասխանեց. «Որովհետև Ալիևի վերջին խոսքերը լսեցիք, չէ՞, որ ասաց՝ «եթե չլինի, ես ուրիշ ձևով կվերցնեմ», միջանցքի խնդիրն էր, դա արդեն ոտքն ընկել էր այնտեղ, իրեն լավ էր զգում: Ռուսաստանում ուրիշ է, ոնց որ իր հայրենիքում գտնվի ինքը, այդ կարգի է զգում ինքն իրեն այնտեղ, ոնց որ ձուկը ջրում: Իսկ երբ գնում է Բրյուսել, արդեն գլուխը կախած, նստած մտածում է ինչ-որ բանի մասին»:

Արձագանքելով դիտարկմանը՝ «կարծում եք, Ռուսաստանը կողմնապահություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի», իշխանական պատգամավորն ասաց. «Դուք չե՞ք զգացել: Ես էդ չեմ տեսել, որ Արևմուտքը մեզ ճնշի, ես ուղղակի տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որպեսզի միջանցք ունենան իրենք Ադրբեջանի հետ»:

Իր խոսքերը ՔՊ-ի պատգամավորը չմանրամասնեց՝ ե՞րբ է հնչել նման պահանջ և արդյոք խոսքը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Ի դեպ, չնայած իշխանական պատգամավորի պնդումներին, պրահյան բանակցություններից հետո ևս Ալիևը նշել էր, թե Հայաստանը չի կատարում պարտավորություններն ու Ադրբեջանին անցում չի տալիս դեպի Նախիջևան, ինչը իրենք մեկ է՝ ստանալու են:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը զարմացած է՝ մի կողմից իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են Ռուսաստանի հետ հարաբերությունները ներկայացնել որպես դաշնակցային-ռազմավարական, մյուս կողմից՝ սպասվող հանդիպումից առաջ այդպիսի հայտարարություն է հնչում։ Դրանք, ըստ Տիգրան Աբրահամյանի, կարող են խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։

«Համատեղ հայտարարությամբ, Ռուսաստանն այդտեղ որպես երրորդ և իրականում որպես երաշխավորող կողմ է հանդես գալիս, ապա այդ տեսանկյունից նմանատիպ հայտարարությունները, բնականաբար, կարող են բավականին մեծ վտանգավորություն ստեղծել և՛ ընդհանուր գործընթացի, և՛ հայ- ռուսական հարաբերությունների համար: Եթե կա մի իրավիճակ, որտեղ Ռուսաստանն ակնհայտորեն այդքան շատ ուղղություններով աշխատում է Հայասանի շահերի դեմ, ապա դա ենթադրում է հայ- ռուսական հարաբերությունների քաղաքական մակարդակի էական իջեցում, որը տեղի չի ունեցել», - ընդգծեց Աբրահամյանը:

Նոյեմբերի 9-ի հայտարարության վերջին կետը տարածաշրջանում ուղիների ապաշրջափակման մասին է։ Դրանում ամրագրված է, որ Ռուսաստանի սահմանապահներ են վերահսկելու տրանսպորտային հաղորդակցությունը։ Սա եռակողմ հայտարարության դեռ չիրականացված կետերից մեկն է։

XS
SM
MD
LG