Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կոչերին դեռևս միջազգային արձագանք չկա՝ թե խոսքով, թե գործով։
Արցախն աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Շրջափակման այս ինը ամիսների ընթացքում միջանցքը բացելու հորդորներն ու Հաագայի դատարանի որոշումը արհամարհող Ադրբեջանը ի պատասխան կոչ է անում չմիջամտել «իր ներքին գործերին»։ Բաքվի նկատմամբ պատժամիջոցների մասին ինչպես նախկինում, այսօր ևս որևէ պետություն ու միջազգային կառույց անգամ չի էլ ակնարկել։
«Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն անհատական և հավաքական քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու Ադրբեջանին մարդկության պատմությունը համալրել ևս մեկ զանգվածային սովամահության և ցեղասպանական էջով», - իր երեկվա ուղերձում ասել է Արայիկ Հարությունյանը։
Արդեն երկու ամիս ամբողջովին պաշարված Արցախի նախագահը միջազգային հանրությունից պահանջեց անհապաղ, նաև պատժամիջոցներ կիրառելով կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու սովամահությունը, քայլեր անել ապօրինի շրջափակումը վերացնելու համար։
Լաչինի միջանցքի արգելափակումն Արայիկ Հարությունյանը երեկվա իր ուղերձում որակեց Արցախի ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի քաղաքականության մի մաս։ Նման իրավիճակում, հայտարարեց, անգործությունը ցեղասպանության թողտվություն է. - «Ադրբեջանը հետևողականորեն վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու քաղաքականություն՝ ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով: Այս քաղաքականության վերջնանպատակն է ձերբազատվել Արցախի ժողովրդից և փակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում իրավիճակը անելանելի է. հիվանդների դեղերը գրեթե վերջացել են, ՀՀ տեղափոխվելն էլ խնդիր էՀարությունյանն անուն առ անուն դիմեց միջազգային դերակատարներին, առաջինը՝ Հայաստանին։ Ակնկալում է, որ Երևանը Արցախում ստեղծված իրավիճակը անհապաղ կդարձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման հարց, կհասնի Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների, դրան գումարած Հայաստանից չեն հնչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններ։
«Վճռականորեն կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, հասարակական և քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում. որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր ու ագրեսիվ գործողություններին», - նշել էր նա։
Երևանից էլ հրապարակային չեն արձագանքել Արայիկ Հարությունյանի հորդորներին։ Արտաքին գերատեսչությունը միայն հայտարարեց, թե նախարար Միրզոյանը մի շարք եվրոպացի գործընկերներին՝ Լիտվայի, Բուլղարիայի, Իսպանիայի և Հունաստանի արտգործնախարարներին, այսօր Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մասին է պատմել, շեշտել Բրյուսելի ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլերի կարևորությունը՝ արգելափակումը վերացնելու, Արցախի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու համար։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը, մասնավորապես Հայաստանի ու Իսպանիայի արտգործնախարարների հետ զրույցի մասին հաղորդեց արտգործնախարարությունը՝ առանց մանրամասնելու՝ ինչ նկատի ուներ Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է 120 հազար հայերի ցեղասպանությունը․ ՕկամպոՎարչապետ Փաշինյանը դեռ երկու շաբաթ առաջ էր հայտարարել՝ ՄԱԿ-ի ԱԽ դիմելը Հայաստանի հնարավոր գործիքակազմում է, բայց գործընթացը, ըստ նրա, պետք է բավարար չափով նախապատրաստված լինի։ Այս ընթացքում Արցախից էլ ավելի տագնապալի լուրեր են հասնում հումանիտար իրավիճակի մասին։ Մինչև հիմա, սակայն, գործնական քայլի մասին չի հայտարարվել։
Արցախի նախագահն իր հրատապ ուղերձում դիմել էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ նույն հորդորով՝ ԱԽ-ին ներկայացնել Արցախում տեղի ունեցող հանցագործության մասին փաստերը։ 2020-ի պատերազմից հետո Արցախում խաղաղապահ առաքելություն տեղակայած ՌԴ-ին կոչ էր արել բազմապատկել ջանքերը Լաչինի միջանցքով շարժը վերականգնելու ուղղությամբ։ Նույնը նա Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից է ակնկալում։ Իսկ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի երբեմնի համանախագահող այդ երեք պետություններին կոչ է արել անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ միջազգային մանդատով բանակցային ձևաչափ ստեղծելու համար։
Եվրոպական միությանը Արցախի շրջափակումը վերացնելու համար նաև պատժամիջոցների կոչով էր դիմել. - «Հորդորում եմ հավատարիմ մնալ Եվրոպական միության հռչակած արժեքներին ու սկզբունքներին՝ զերծ մնալ Ադրբեջանի հետ հատկապես էներգետիկ գործընկերությունը մարդու իրավունքներից ու ազատություններից գերակա համարելու մոտեցումից»։
Մինչ Արայիկ Հարությունյանը Աղդամով հումանիտար օգնության Բաքվի առաջարկը կեղծ այլընտրանք էր որակում, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարեց. - «Երբ սոված եք, դուք չպետք է դնեք պայմաններ։ Ի՞նչ տարբերություն՝ ո՞ր ճանապարհով կմատակարարվի այդքան սպասված սնունդը՝ Լաչինով, թե՞՝ Աղդամով և Ֆիզուլիով»։
Այս հայտարարությունն արած ադրբեջանցի պաշտոնյան եզրակացրել է, թե «հարցն արհեստական քաղաքականացվում է՝ Ադրբեջանի վրա արտաքին ճնշում գործադրելու համար»։
Շուրջ երկու ամիս Ադրբեջանը արգելում է անգամ սահմանափակ մարդասիրական օգնության փոխադրումը Արցախ, որ դեկտեմբերից ի վեր միջնորդավորված՝ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով էր հասնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում իրավիճակը անելանելի է. հիվանդների դեղերը գրեթե վերջացել են, ՀՀ տեղափոխվելն էլ խնդիր էՀայաստանից ուղարկված հումանիտար բեռը արդեն երկու շաբաթ է անշարժ կանգնած է Լաչինի միջանցքի սկզբնամասում։