Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է արցախցի Վագիֆ Խաչատրյանին. Բաքվի տարածած լուսանկարում Խաչատրյանի առջև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է՝ հայերենով և թեժ գծի համար, որ եթե կոնվենցիային հակասող որևէ քայլ անեն Ադրբեջանի իրավապահները, արցախցին ահազանգի Ադրբեջանի օմբուդսմենին։
Կարմիր խաչի մեքենայով Երևան սրտի հրատապ վիրահատության եկող, բայց ադրբեջանական անցակետում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դուստրը հորն այդ լուսանկարում տեսնում է առևանգումից հետո առաջին անգամ։ Ողջ է, 5-օրյա սպասումից հետո շունչ է քաշում Վերա Խաչատրյանը։
«Զգացվում է, որ հայրս թե՛ հոգեբանորեն, թե՛ առողջապես ոչ այնքան էլ լավ վիճակում է գտնվում, բայց այն, որ տեսա արդեն նկարը, որ հայրս ֆիզիկապես մեզ հետ է, արդեն հուսադրող է», - ասում է Վերա Խաչատրյանը։
Ադրբեջանից ասում են, թե Խաչատրյանն իր նկատմամբ «վերաբերմունքից գոհ է, բուժօգնություն են ցուցաբերել», առողջական վիճակում «դրական փոփոխություն կա, նաև կապ է հաստատել ընտանիքի հետ»։ Ինչ ուզեն՝ կգրեն, չի հավատում Խաչատրյանի դուստրը. - «Այդպիսի բան չի եղել՝ պապան կապ չի հաստատել։ Բոլորս ծանոթ ենք, որ կարող են ինչպիսի տեքստեր ուզեն, այնտեղ գրեն»։
Բաքուն Վագիֆ Խաչատրյանի մեղադրանքը ձևակերպեց հենց անցակետից առևանգելու օրը, ըստ Ադրբեջանի իրավապահների՝ 90-ականներին Մեշալի գյուղում «25 հոգու է սպանել», «այդտեղ ապրողներին 5.5 միլիոն մանաթի վնաս տվել»։ Վագիֆ Խաչատրյանին արդեն հարցաքննել են։ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Իլգար Սաֆարովն ասել է՝ ևս 8 հայի են որոնում, որ բ՝ «Մեշալիիի ցեղասպանության մասնակից են»։
Արցախցու ընտանիքն առաջին իսկ օրից է պնդում, որ այս մեղադրանքներն անհեթեթ են։ Ընտանիքի հայրը 90-ականներին վարորդ է եղել, իսկ Ադրբեջանի պետական լրատվամիջոցներն այս օրերին նույնիսկ իրենց ներկայացմամբ՝ «ականատեսների» են գտնում, որ այսպես ասած՝ ճանաչում ու հիշում են Խաչատրյանին։
Ասկերանի Պատարա գյուղից մի քանի կիլոմետրի վրա է Մեշալին, որ արցախցիներին հայտնի է Լեսնոյ անունով. այստեղ Պատարայի փայտամշակման գործարանն էր։ Պատարայում ապրողները պատմում են՝ մինչև 90-ականները 6 խաղաղ բնակիչ է սպանվել ադրբեջանցու ձեռքով, Գալյա Իսրայելյանի ամուսինը։
«Ջուր խմելիս աղբյուրի կողքին սպանել են, խաղաղ ժամանակները», - պնդում է
Գալյա Իսրայելյանը։
Լեսնոյի բուժքույր Նորա Ավանեսյանի ամուսնուն ևս, որ գնացել էր կորած անասուններին փնտրելու. - «Կրակել են իր վրա, վիրավորվել է։ Մինչև հասցրել են հիվանդանոց, մահացել է»։
Մարդ ու անասուն էին գողանում նույնիսկ այն ժամանակ, երբ հարաբերություններն իբրև թե լավ էին, հիշում են Պատարայի տարեցները։ Նրանք պնդում են՝ 91-ի դեկտեմբերին Լեսնոյի ադրբեջանցիներին մարդասիրական միջանցք է տրամադրվել։ Բաքվի մեղադրանքում թվերն այսպիսին են՝ «Մեշալիում 25 հոգի սպանվել է, 14-ը՝ վիրավորվել, 358-ը՝ հեռացել իր բնակության վայրից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին հինգ օրում երկրորդ արցախցին է Բաքվի իրավապահների հսկողության ներքո հայտնվում
Ի՞նչ է սպասվում սպասվում Ադրբեջանում հայտնված մեկ այլ արցախցու՝ Ռաշիդ Բեգլարյանի հետ՝ Բաքուն դեռ լռում է։
«Իրեն հազար ձևի բան են դնելու վրան, ասելու են՝ հատուկ ջոկատային է, ռազվետչիկ, հարյուր ձևի բան են ասելու թուրքերը», - վստահ է Շուշիի քաղաքապետ
Արծվիկ Սարգսյանը։
Շուշիի նախկին բնակիչ էր Ռաշիդ Բեգլարյանը, ըստ Շուշիի քաղաքապետի՝ պատերազմից հետո Ռուսաստան էր մեկնել, հետո վերադարձել Ասկերանի իր հայրական գյուղ։
Արցախի դատախազությունից երեկ երեկոյան տեղեկացրին, որ Բեգլարյանը փորձել է ոտքով շրջանցել հակարիի ադրբեջանական անցակետն ու Հայաստան հասնել, ճանապարհին առևանգվել է բռնության գործադրմամբ։ Արցախցին Ասկերանից Ստեփանակերտ էր եկել, այնտեղից Հին Շեն գյուղ՝ անցակետին մոտ։
Հինշենցի Անգին Սարգսյանը երկուշաբթի երկոյան Ռաշիդ Բեգլարյանի հետ նույն «Գազելով» է Ստեփանակերտից Հին Շեն եկել։ Պատմում է՝ ճերմակ հագուստով մարդուն ոչ ոք չճանաչեց, մտածել են՝ հյուր է։ Հետո արդեն անծանոթ հարենակցին տեսել են Բաքվի տարածած լուսանկարում։
Սահմանը հատելու համար Ադրբեջանի իրավապահների հսկողության տակ հայտնված Ռաշիդ Բեգլարյանին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առայժմ չեն տեսակցել։
Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: