Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը վկայում է Հայաստանի վրա ճնշման ավելացման մասին:
Մարիա Զախարովան, պատասխանելով հենց Ռուսաստանի արտգործնախարարության ամսագրի հարցին, անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսի երկու դրվագներին՝ մեկը Ռուսաստանի դերակատարության նվազման վերաբերյալ, մյուսը խաղաղապահների առաքելության:
Զախարովան հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունների համար այդ գործունեությունն անցանկալի է, թեև ասուլիսի ժամանակ Փաշինյանը չէր խոսել ռուս խաղաղապահների դուրսբերման անհրաժեշտության մասին:
2025 թվականից հետո ռուս խաղաղապահների ճակատագրի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Փաշինյանը նշել էր, որ խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղի ժողովրդի սպանդ թույլ չտալու համար, և եթե Ռուսաստանը որևէ պահի որոշի հանել իր խաղաղապահներին, դա կնշանակի, որ սպանդի վտանգ այլևս չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահներն Արցախում կմնան հինգ տարի, հետագայում երկարաձգման որոշում կկայացվի․ Մուրադով«Բոլորին հայտնի է, որ մեր խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում՝ դա գերիների փոխանակումն է, ականազերծումը, միջադեպերի կարգավորումը, հումանիտար օգնության ցուցաբերումը, մի՞թե Հայաստանի ղեկավարության համար այդ գործունեությունն անհրաժեշտ ու ցանկալի չէ, և արդյո՞ք նրանք ուզում են, որ այն չլինի», - ասել է Զախարովան։
Ուշագրավ է որ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի նշած գործառույթները Արցախում փաստացի չեն իրականացվում․ գերիներ Ռուսաստանի միջնորդությամբ վերադարձվում էին պատերազմին հաջորդող շրջանում, անցած տարի գործընթացը տեղի է ունեցել հիմնականում եվրոպական միջնորդությամբ։
Միջադեպերը, ինչպես օրինակ, արցախցու առևանգումը Լաչինի միջանցքից, որը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, չկանխվեց։ Ավելի վաղ ռուսները չէին կանխել Հակարիի կամրջի վրա հայկական անցակետի մոտ ադրբեջանցիների կողմից իրենց դրոշի տեղադրումը։
Լաչինի միջանցքը փակ է անցած դեկտեմբերից, հումանիտար օգնություն արդեն մեկ ու կես ամիս չի մտնում Արցախ՝ առաջացնելով հումանիտար սուր ճգնաժամ:
Քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ Ռուսաստանը նաև խաղաղապահների հարցով է Հայաստանին փորձում ճնշել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովա. «Ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են կայունացնող դեր կատարել Լեռնային Ղարաբաղում»«Ըստ էության կա երկու թեմա, մեկը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններն են, հայ-ադրբեջանական սահմանն է, ըստ էության, և այդտեղ կա որոշակի արևմտյան մասնակցություն ի դեմս ԵՄ սոցիալական առաքելության, որի դերն իհարկե պետք չէ գերագնահատել, երկրորդը՝ Արցախյան հիմնահարցն է և այստեղ էլ որոշակի ճնշման ավելացում ենք մենք տեսնում, որոնք ուղղված են թե՛ էս էլեմենտին, թե՛ արևմտյան մասնակցությանը, թե՛ պաշտոնական Երևանի դժգոհություններին», - ասաց Քոչինյանը։
Քաղաքագետը նորմալ է համարում խաղաղապահների հարցով պաշտոնական Երևանի դժգոհությունները։
«Խաղաղապահ առաքելությունը չի կարողանում, կա՛մ չի ուզում, կա՛մ երկուսն էլ միաժամանակ, իր պարտավորությունները կատարել, հանձինս, օրինակ, հումանիտար օգնությունը տեղ հասցնելու, Լաչինի միջանցքը տնօրինելու, մարդկանց անվտանգությունն ապահովելու։ Մենք գիտենք, որ Լաչինի միջանցքում էսօր մարդիկ առևանգվում են, ըստ էության, Ադրբեջանի կողմից, և անդունդը գլորվող ձնագնդիի է արդեն նմանվում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության աստիճանը և գոտին։ Այսինքն՝ դա միայն փոքրանում է՝ և՛ պատասխանատվությունն է փոքրանում, և՛ գոտին է փոքրանում։ Հիմա սրա արձագանքն է, և ըստ էության, նորից սպառնալից է արձագանքը, այլ ոչ թե բովանդակության հետ կապ ունեցող արձագանք է։ Դա նորություն չէ և մեկ տարուց ավելի առնվազն մենք տեսնում ենք էդ ձևաչափով Հայաստանի հետ աշխատելը և դրան զուգահեռ ամեն կերպ Ադրբեջանին սիրաշահելը», - ասաց Քոչինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ լիազորություններ են նախատեսվել ռուս խաղաղապահների մանդատի փաստաթղթով. կառավարությունը մանրամասներ է ներկայացրել