Արգիշտի Քյարամյանին առնչվող քրեական գործով տուժող է ճանաչվել չորս հոգի

Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանից բացի ևս երեք հոգի է պնդել, թե իրենց խոշտանգել է Քննչական կոմիտեի նախագահը։

«Ազատության» գրավոր հարցմանը, թե խոշտանգման հոդվածով հարուցված քրգործում բացի Առաքելյանից էլ ո՞վ է տուժող ճանաչվել, Գլխավոր դատախազությունը պատասխանել է. «Խոշտանգումների հոդվածով քննվող վարույթով տուժող են ճանաչվել Տիգրան Առաքելյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Արման Մկրտումյանը և Արտակ Գալստյանը»։

Քննչական կոմիտեն դեռ մեկ ամիս առաջ է հերքել Տիգրան Առաքելյանի մեղադրանքները։ Վերջերս կալանավորված ՀԱԿ նախկին ակտիվիստը պնդել էր, որ հենց Քյարամյանն ու նրա ենթական՝ Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանն են ծեծել իրեն հարցաքննության ժամանակ։

«Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը էլեկտրաշոկով մարմնիս տարբեր հատվածներին ջուրը լցնում էր և էլեկտրաշոկը միացնում էր մարմնիս», - ասել էր նա ավելի վաղ։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն այսօր էլ հերքեց այս պնդումները. - «Իրականության հետ կապ չունեն պնդումները։ Անհիմն, անհեթեթ մեղադրանքներով փորձ է արվում իրենց վերաբերող քրեական վարույթներով իրականացվող քննության օբյեկտիվության, ձեռք բերվող փաստերի նկատմամբ խաթարել հանրային վստահությունը։ Հույս ունենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթով բոլորի արարքներին, նաև նման հայտարարություններին համարժեք և օբյեկտիվ իրավական գնահատականներ կտրվեն»։

Քննչականի ղեկավարի կողմից բռնության ենթարկվելու մասին ահազանգած բոլոր 4 անձինք մեղադրյալներ են պաշտոնյաներին վարկաբեկող իր հայհոյախառն եթերներով հայտնի «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի գործով։ Չորսն էլ կալանավորված են, մեղքը չեն ընդունում։

Նրանցից մեկի՝ Արման Մկրտումյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց՝ պաշտպանյալը բռնության մասին շաբաթներ առաջ պատմել է իրեն այցելած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին։

«Այո, բռնության մասին պատմել է, իր փաստաբանական խմբին ասել է, որ չի ցանկանում հայտարարություն տա, ունի մտավախություն հետագա խոշտանգումների հետ կապված, նաև ունի մտահոգություն իր մերձավորների հետ կապված», - նշեց Բաղդասարյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել մյուս մեղադրյալը՝ Արտակ Գալստյանը։ Նա Վարդան Ղուկասյանի ստեղծած «Հանրային ձայն» կուսակցության նախագահն է, մեղադրվում է խարդախության համար։

Փաստաբան Բաղդասարյանը դժգոհ է կալանավորված անձանց խոշտանգելու գործի քննությունից։ Գլխավոր դատախազությունն ավելի քան մեկ ամսվա քննությունից հետո հայտարարում է, որ դեռ մեղադրյալներ չկան։

«Ես հիացած չեմ լիազոր մարմնի, այսպես ասած, ջանասիրությամբ: Տևական ժամանակ է, որ քննությունն է գնում: Կարգավիճակ ունեցող անձինք չկա: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընդամենը քննում են քննելու համար», - ընդգծեց փաստաբանը:

Իրավապաշտպանները ևս դժգոհություն են հայտնում գործի քննությունից

Իրավապաշտպանները ևս իրենց դժգոհությունն են հայտնում գործի քննությունից։ Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ սա նշանակում է, որ լիարժեք քննություն չի կատարվում։

«Երբ մեկ ամսվա ընթացքում պետական մարմնում կատարված հանցագործությունը հնարավոր չի լինում նույնականացնել, դրվագ առ դրվագ վեր հանել, բացահայտել, դա խոսում է կա՛մ ոչ պատշաճ քննության մասին, կա՛մ՝ միտումնավոր ծածկելու», - ասաց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը նկատում է՝ հենց պետությունը պետք է շահագրգռված լինի, որ բացահայտվի իրականությունը մի գործով, որտեղ մեղադրյալները մեղադրանք են հնչեցնում իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին։

«Խնդիրն այն է, որպեսզի և՛ հանրային ուշադրությունն այս գործը վրա կենտրոնացած լինի, և՛ հաշվետվողականությունը պետության տարբեր մարմինների կողմից, լինի դա Քննչական կոմիտե, դատախազություն, այստեղ մենք ունենք նաև բարձրաստիճան պաշտոնյայի ներգրավվածության խնդիր, որը հենց դատաիրավական համակարգի մարմինների նկատմամբ վստահության անկման խնդիր կարող է առաջացնել հասարակության մոտ», - նշեց Հովհաննիսյանը:

Զարուհի Հովհաննիսյանն ընդգծում է՝ ծեծը, որպես ցուցմունք կորզելու միջոց, անթույլատրելի է, անգամ եթե մարդը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ։ Իրավապաշտպանն անդրադառնում է նաև Քննչականի հերքմանն ու նկատում՝ սովորաբար խոշտանգման մասին ահազանգողին ծանոթացնում են սուտ մատնության հետևանքների մասին։

«Բոլորը, ովքեր քննչական մարմինների հետ կամ ոստիկանության հետ որևէ գործողություն են կատարում, նրանք տեղեկացված են կեղծ մատնության վերաբերյալ հոդվածի մանրամասներով, որ կարող է, օրինակ, քրեական գործը հետո հարուցվել որպես կեղծ տվյալներ հաղորդող, կեղծ մատնություն կատարող անձինք», - ասաց նա:

Հովհաննիսյանը, որ ղեկավարում է բանտերում դիտորդություն իրականացնող հասարակական խումբը, առաջիկայում կայցելի այս 4 անձանց՝ փորձելով տեղեկություններ ստանալ միջադեպի վերաբերյալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քննչական կոմիտեն նոր տեղեկություններ է հաղորդում Վարդան Ղուկասյանի գործի վերաբերյալ

Մինչ այս, Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը շարունակում է բացահայտումները Վարդան Ղուկասյանի գործով։ Անցած շաբաթ հաղորդեց, որ նա դեռ երկու տարի առաջ հանցավոր խումբ է ձևավորել, դրա մեջ ներգրավել այս պահին քննությանը հայտնի 10 անձի։

Ըստ այդմ, Ղուկասյանի ստեղծած հանցավոր կազմակերպությունը տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ շանտաժի միջոցով չորս դրվագով մոտ կես միլիոն դոլարի շորթում է կատարել։ Հանցավոր կազմակերպության նպատակը եղել է հնարավորություն ստանալ ազդել սոցիալական, քաղաքական որոշումների կայացման վրա և վերահսկողություն հաստատել պետական մարմինների գործունեության նկատմամբ։ Ոստիկանության նախկին աշխատակից Ղուկասյանը հետախուզվում է և շարունակում իր ուղիղ հեռարձակումները։