Հայաստանից Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները հինգերորդ օրն է, ինչ Կոռնիձորում են՝ Հակարիի կամրջի հարևանությամբ։
Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կառավարման խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի փոխանցմամբ՝ բեռների տեղափոխման գործընթացում դրական տեղաշարժ չկա, հայկական կողմը սպասում է ռուս խաղաղապահ առաքելության արձագանքին։ Նախնական պայմանավորվածություն համաձայն՝ ավելի քան 400 տոննա բեռը ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով պետք է ուղարկվեր պաշարված Արցախ, որտեղ օր օրի սաստկանում է հումանիտար ճգնաժամը։
«Բեռները, բեռնատարների շարասյունը գտնվում է նույն՝ Հայաստանի պետական սահմանի Կոռնիձոր գյուղի այս նույն հատվածում՝ փաստացի գտնվելով անշարժ վիճակում։ Դեռ որևէ արձագանք չկա նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից։ Համապատասխան օղակներով, բնականաբար, կապը պահպանվում է», - նշեց նա։
Կառավարության ներկայացուցիչը շեշտեց, որ չնայած միջազգային հանրության լայն արձագանքին ու տարբեր կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը և խոչընդոտել բեռների տեղափոխմանը։
Պաշտոնական Բաքուն դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախ Երևանի հումանիտար օգնություն ուղարկելը «տարածքային ամբողջականության նկատմամբ սադրանք» էր որակել։
400 տոննա մարդասիրական օգնությունը հուլիսի 27-ի առավոտյան է 19 բեռնատարով Երևանից շարժվել։
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է՝ մեքենաները շարունակելու են մնալ այնտեղ այնքան, որքան անհրաժեշտ է՝ չհստակեցնելով, սակայն, արդյոք խոսքը օրերի, շաբաթների մասին է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենն Ալիևին խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող իրավիճակի կապակցությամբ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը դարձյալ ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհըՆախօրեին էլ Հակարիի կամրջի վրա տեղակայված անցակետից ադրբեջանական ուժայիններըձերբակալել ու Բաքու էին տարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին։ Բաքուն նրան մեղադրում է պատերազմական հանցագործությունների մեջ, հայկական կողմի պնդմամբ, սակայն, 68-ամյա արցախցին առևանգվել է դստեր և ԿԽՄԿ աշխատակցի ներկայությամբ։