Մատչելիության հղումներ

«Քիչ-քիչ բոլորս հավասարվում ենք». Արցախում հումանիտար իրավիճակը ծայրահեղ լարված է


Յոթ ու կես ամիս է մարտակերտցի Արա Գրիգորյանը միայնակ է մնացել իր երկու 6 և 11 տարեկան երեխաների հետ. - «Ամենաշատը նեղվում են նրանից, որ իրանց մաման իրանց մոտ չի»։

Նրանց մայրը Երևան բժշկի է եկել ու վերադառնալ չի կարողանում։ Արան պիտի ուտելիք գտնի, կերակրի որդիներին, նրանց խնամի, լողացնի ու զուգահեռ փող ուղարկի Հայաստան, որ կինն այստեղ վարձով յոլա գնա. - «Մերը ընտեղ լացում ա, վատանում ա...»

Արա Գրիգորյանը դիմել է ում հնարավոր է, որ կնոջը Կարմիր խաչի մեքենայով Արցախ տեղափոխեն։ Անօգուտ։ Փոքրին՝ 6-ամյա որդուն վաղ առավոտից հետը գործի է տանում, որ տանը մենակ չմնա։ Չաշխատել չի կարող, որովհետև Արցախում հիմա եթե ուտելու բան է գտնվում, ապա շատ թանկ արժե. - «Տասը հատիկ պամիդոր, վեցը հատիկ խիար եմ առալ, ութը հազար դրամ փող տվալ...»

Այսօր առավոտյան Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էր շուկա դուրս եկել վերահսկող կառույցների ղեկավարների հետ՝ տեսնելու, թե արդյոք պահպանվում են երեկ սահմանված թույլատրելի առավելագույն գները։ Վաճառողները սահմանվածից բարձր գները հիմնավորում են նրանով, որ ապրանքը դժվարությամբ են Ստեփանակերտ հասցնում։ Պատճառաբանությունները չընդունվեցին։

«Սահմանված ա կարգ, ապրանքը, որը սահմանված գնից ավել ա, հարկադիր հիմա վերցվելու ա, սահմանված գնով վաճառվի», - ասաց պետնախարարը։

Ռոբերտ Ադամյանի հպարտության աղբյուրը՝ միրգ-բանջարեղենով լի խանութը լուսանկարում մնաց։ Այժմ այստեղ միայն դատարկ արկղեր են, մի քիչ կարտոֆիլ, դդմիկ ու մի քանի խեղճուկրակ լոլիկ։

«Վառելիք չկա, որ կարողանանք էդ աճեցրած ապրանքները բերենք... Դրա պատճառով գներն էլ ա թանկանում», - ասում է նա՝ հավելելով, որ եղածը տեղական արտադրանք է. - «Որ դա էլ պրծնի, շրջափակումն էլ չբացվի, լրիվ սով ա լինելու»։

«Քիչ -քիչ բոլորս հավասարվում ենք, հարուստ-աղքատ չկա», - ասում է ստեփանակերտցի Ազատուհի Ավանեսյանը։ Ամենադժվարն այս օրերին երեխաների հարցերին, խնդրանքներին արձագանքելն է. - «Մամա, իմ համար պիցցա կսարքես... կպնում ա սրտիդ էդ որ ասում ես չկա։ Ախր էրեխեն ուզել ա...»

Ազատուհին երեք երեխաների հետ միայնակ է հաղթահարում պաշարման դժվարությունները, նրա ամուսինը բլոկադայի նախօրեին Երևան է եկել ու մնացել. - «Երեխաները հայրիկին չեն տեսնում արդեն կես տարուց էլ ավել»։

229 օր արցախցիներն ապրում են Հայաստանից ու աշխարհից կտրված և 44 -րդ օրն է, ինչ Լաչինի միջանցքը փակ է նաև հումանիտար բեռների՝ սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի համար։

Խանութները դատարկ են վաղուց և հիմնականում փակ են։ Կաթնամթերքի միակ տեղական արտադրողից մեկ ապրանք գտնելու համար պետք է ողջ օրդ դրան նվիրես, պատմում են արցախցիները. - «Պետք է կամ չգնամ աշխատանքի այդ օրը, կամ պետք է գնամ կաթնամթերքի հերթ կանգնեմ առավոտյան ժամը 5-ից, և հարց է ես կվերցնե՞մ մեկ տուփ թթվասերը, թե ոչ»։

Մարդիկ սննդի հայթայթման չընդհատվող պրոցեսի մեջ են և անընդհատ սարսափով՝ որ երեխաները կհիվանադանան, իրենք ոչ դեղ գտնեն, ոչ էլ հիվանդանոց հասցնելու վառելիք։

«Սա ապրել չէ», - ասում է Մարտունու Նոր շեն գյուղի բնակիչ Օֆելյա Հակոբյանը։ - «Ապրում չենք, դիմակայում ենք... ապրելը էն ա, որ խոխան մի ֆրուկտ ուզի, ինի, խոխան որևիցե մի բան ցանկանա, ասես հա...»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG